Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի «Սաքուլիկի»՝ Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ երկու ուղևորով Սարգիս Վարդանյանը երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած, ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման փուլում է:

Հրապարակվեց ամբաստանյալի մերձավորների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներից մի հատված:

Մինչ այդ՝ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը միջնորդեց պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը: Դատարանը, կողմերին լսելով, մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան, փաստաբան Ս. Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ արվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաև վերաքննիչ դատարանը:

Դատական նիստին ներկա էր նաև ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի եղբայր Սերժը: Նրան վերջերս դատարանը գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից, որպես գրավ՝ վճարվել է 2 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանի վերաբերյալ երկու քրեական գործ է գտնվում դատական քննության փուլում՝ մի գործը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, իսկ երկրորդ գործը քննվելու է Նոր Նորքի նստավայրում՝ այս գործով տեղի է ունեցել դատավորի փոփոխություն: Սերժ Վարդանյանը դատարանի դահլիճում որպես «ազատ ունկնդիր»՝ լսեց նաև անձամբ իր վարած որոշ հեռախոսազրույցների վերծանումները:

Հրապարակվեց Սարգիս Վարդանյանի և Սուրեն Մ.-ի այն խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսն առաջարկել է, որ Սուրենն իր վրա վերցնի վթարի մեղավորությունը.

«Սարգիս-Հալալ ախպերդ կարա՞ քեզ մի բան խնդրի»:

«Սուրեն-Հա, ո՞նց չի կարա»:

«Սարգիս-Ոտքի վրա ձիգ ձևի քեզ պահի, բ…-ի տղա ըլնեմ, մինչև վերջ, Աստվածիս արև, տղու պես հետդ եմ…»:

«Սուրեն-Տոչնի ա սաղ… Կասեմ՝ վատ եմ զգացել պռոստը ինձի…»:

Սակայն Սուրենի «մեղայականով» ներկայանալու կեղծ լինելը կարճ ժամանակում բացահայտվել է, Սուրենին բաց են թողել, դրանից հետո Սուրենը Սարգիսի եղբայր Սերժի հետ հեռախոսային խոսակցությունում ասել է.

«Սուրեն-Կամերաներով սաղ դրած-նկարած… Աբովյան-խաչմերուկի կամերաներով… Էդի բերին ցույց տվին,ասին՝ ո՞ւր ես, ինձի չտեսան…»:

«Սերժո-Բա ո՞ւմ տեսան…»:

«Սուրեն-Չեմ մանում, ընդեղ սաղ խառը խշտի… 100 տոկոս սաղ էրևում էր, հատ-հատ սաղ էրևում ա…»:

«Սերժո-Էդի հեսա Շամշյանը կգցի սայտ…»:

«Սուրեն-Չեմ մանում ոնց ա էղել… Էն կամերաներից կար՝ ֆռովիներից, սաղ սենց ֆռցրե նկարել էին… սաղ էրևում ա՝ ընդեղ ինչա, ոնցա…»:

Հրապարակվեց Սերժ Վարդանյանի ու «Աբո ձյաձյայի» հեռախոսային խոսակցության վերծանումը՝ «Գազի Աբո ձայձյան» Սերժի ու Սարգիսի պապի՝ «Գազի Կոլյայի» «աջ ձեռքն» է եղել…

«Սերժո-Աբո ձյաձյա, ապերից տեղյա՞կ ես»:

«Աբո-Հա … Հմի պտի Գայիի քննչական տարած ըլնեն… Ադվակատի հետ ա, հետո կտանեն «ԿՊԶ»…»:

«Սերժո-Բա ո՞վ ա ասել, որ գնա հանձնվի, դու ես ասե՞լ»:

«Աբո-Չէ, պապին էր կանչել, գնացինք, էն էլ պապին վատացավ. Սկոռի-մսկոռի… Պապին ասեց՝ էկեք, ըստեղ եմ… Վարչությունում էր… Ընտեղից տարան քաղմաս, ընտեղից էլ՝ Գայիի քննչական…»:

«Սերժո- Իմ վրով թեմա կա՞ հիմա»:

«Աբո- Քո վրով հա էլ թեմա կա… Էն որ աֆիցանտին տփել էիր…»:

«Սերժո-Հա էդի գիտեմ, չէ, հիմա իմ վրով, էս պահին…»:

«Աբո-Էս պահին ի՞նչ պտի ըլնի, դու ընտեղ էղե՞լ ես»:

«Սերժո-Չէ, ես ընտեղ չեմ էղել վաբշե… Բա հիմա ապերին խի՞ ես թողել ընտեղ մենակ»:

«Աբո-Ո՞նց՝ թողել եմ մենակ, կարողա՞ գիտես, արա՝ ապերին սանատորիա ենք տարել, մենք էլ պտի էթանք կողքը նստենք՝ տենանք ի՞նչ ա ուզում»:

«Սերժո-Աբո ձյաձյա, դրան մի բան արեք, գժականով թող տանեն հիվանդանոց, էլ չմտցնեն ընտեղ, էլի, էնի չի դիմանա: Բերդի հիվանդանոց գոնե տանեն»:

«Աբո- Հա, գնա սաղ պապիիդ ասա, ինձի խի՞ ես ասում»:

«Սերժո-Էնի չի դիմանա ընտեղ, հորս արև… Հիմի որ ես հելնեմ, ինձ չեն բռնի, չէ՞»:

«Աբո-Քեզի հա էլ ման են գալիս»:

«Սերժո-Աբո, ձյաձյա, ինադու ե՞ս անում»:

«Աբո-Լուրջ եմ ասում, քեզի ման են գալիս, քանի՞ հոգով եք Աֆրիկյանում քեֆ արել… Բոլորիդ էլ բռնելու են…»:

«Սերժո-Հա, յանի խի՞ Աբո ձյաձյա, ըսենց շինիր որ… Հա՜, լավ, դե բռնում են, թող բռնեն դե իսկականից, ոնց որ սաղդ թշնամի ըլնեք, արա, ըտեղ հարազատություն չկա… Պտի գնամ, ինձ էլ տանեն փակեն, հլը թող փող տված ըլնեին՝ տենանք՝ կարում էի՞ն բան խոսային… Ես ոչ մեկին չեմ հավատում…»:

«Աբո-Ոչ մեկ քո հարցը չէր կարա լուծեր, վերևի հրամանն ա… Եթե չես գնում հանձնվում՝ քեզ բռնում-տանում են ու դառնում ա տարիների հարց… Ինձ լսի, էս անգամ մի բարդացրու… Չես արել, բայց գնա հանձնվի…»:

Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումների հրապարակումն ընդմիջվեց մեղադրող դատախազ Մարգարյանի միջնորդությամբ: Դատախազը նշեց, որ վերծանումների հրապարակումից հետո դատարանը միևնույնն է՝ նաև պիտի հետազոտի բուն ձայնագրությունները, առանց կրիչի՝ թղթային վերծանումները պարզապես թուղթ են, ավելի լավ է՝ դատարանը միանգամից հետազոտի կրիչը՝ լսելով գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ըստ մեղադրողի՝ միանգամից կրիչի հետազոտումը արդյունավետ կլինի՝ դատաքննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու սկզբունքից ու այն հանգամանքից ելնելով, որ ամբաստանյալը գտնվում է անազատության մեջ: Միայն թղթային վերծանումները հրապարակելը առնվազն մի քանի դատական նիստ է պահանջելու…

Մեղադրողը նաև միջնորդեց՝ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ունկնդրել դռնփակ պայմաններում՝ նկատի ունենալով, որ խոսակցություններում մեծ տեղ են գրավում հայհոյախոսությունները:

Կողմերը չառարկեցին:

Դատարանը ամբողջությամբ բավարարեց մեղադրողի միջնորդությունը, նաև՝ հեռախոսային խոսակցությունների հրապարակումը դռնփակ պայմաններում անցկացնելու մասով՝ հաշվի առնելով այդ խոսակցություններում հայհոյանքների առատությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 18-ին: Այդ նիստը կանցկացվի դռնփակ:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am