Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար. որպես վնաս վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռեւս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այս քրեական գործի շրջանակներում ստուգումներ են սկսվել սկսած 1990-ական թվականներից Գրիգորյանի եւ նրա մերձավորների ընկերություններում: «Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը եւ հայտնաբերված ենթադրյալ խախտումները, վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքան կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները: Ասում են՝ մաքսիմում մեկ մլրդ դրամ: Պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավել արժողությամբ գույք: Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, որ բացակայում են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, նա մինչեւ հիմա գտնվում է կալանքի տակ: Պատասխան չունենք:


Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը եւ կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է: Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունը առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին:

Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ, տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը եւ պատասխանատուն ՀՔԾ-ն է եւ Դատախազությունը: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է եւ երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետեւությունս մեկն է՝ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում եւ դանդաղ մահացել»,-հայտարարեց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ այն աստիճանի է հասել Մանվել Գրիգորյանին անօրինական կալանքի տակ պահելը, որ պաշտոնապես բարձրաձայնում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ փաստելով, որ Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա:

«Պատկերացրեք, մարդուն կալանավորում են, շաքարը 7 է, կախվածություն չի ունեցել ինսուլինից, 6 ամիս անց շաքարը 25 է, օրական 2 անգամ ընդունում է ինսուլիսի բարձր դոզա եւ կախվածություն ինսուլիսից:

Եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է եւ ընտրովի իր քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը: Եթե Գրիգորյանը կատարել է հանցագործություն, օրենքի ողջ խստությամբ թող ենթարկվի պատասխանատվության, բայց կալանքի իսպառ բացակայության պայմաններում, առերեւույթ վնասը փոխհատուցելուց հետո ո՞րն է պատճառը, այն էլ ծանր հիվանդությունների տեր մարդուն պահել կալանքի տակ»,-հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե անձը հատուցել է պատճառված վնասը, ապա պատասխանատվության հետ կապված կարող է լինել ազատություն մեջ:

«Մենք չենք ասում՝ թող Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, մենք ասում ենք՝ կալանքի հիմքերը բացակայում են: Իսկ եթե հետագայում մեղքը կապացուցվի, թող օրենքի խստությամբ ենթարկվի պատասխանատվության»,-ասաց պաշտպանը: