ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» եւ «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում չեն արտացոլվել ընկերությունների իրացման շրջանառության իրական ծավալները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչության քննիչների կողմից կատարված բազմածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնովին բացահայտվել են ընկերությունների կողմից վաճառված բնակարանների իրական արժեքները:


Բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել «Եռանավ» եւ «Խաչ 9» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց եւ նախաքննության ընթացքում գործով վկաների վրա անօրինական ազդեցություն գործելու, քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը կեղծելու հիմքով՝ վերջիններս կալանավորվել են:

Ընկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պետական բյուջե է վերականգնվել արդեն 335 միլիոն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասի մեծ մասը վերականգնելու եւ առաջացրած լրացուցիչ հարկային պարտավորությունները վերականգնելու բավարար երաշխիքների առկայության պայմաններում ընկերության ղեկավար անձանց նկատմամբ փոփոխվել է ընտրված խափանման միջոց կալանավորումը, վերացվել բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումները: