Երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասով հարուցված քրեական գործի մասին։ Նախկին ոստիկանապետը, համագործակցելով Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ Պալաչ մականունով Արթուր Հարությունյանի հետ, 2012 թվականին աշխատել են Հանրապետական կուսակցության համար։ «Մասնավորապես՝ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ ՀՀ Ազգային ժողովի 2012-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:


Իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ այս կամ նմանատիպ քրեական գործ սպասելի էր, քանի որ «նախկին իշխանությանը, Սերժ Սարգսյանին ամենանվիրվածներից մեկը հենց Վովա Գասպարյանն էր, որը ամեն գնով ժողովրդի վրայով քայլելով, բռնություններով առաջ էր գնում, միայն թե շեֆին ծառայեր»։ «Վովա Գասպարյանը, որի թուրը աջ ու ձախ կտրում էր, երբեք ՀՀ-ին չի ծառայել, այլ ծառայել է իր շեֆին՝ Սերժ Սարգսյանին։ Բայց միայն իր պաշտոնավարման ժամանակ ժողովուրդը իրենից ինչ ասես, որ չի եղել, ոստիկանական բաժանմունքներում աննախադեպ բռնություն է եղել, ցույցերը, ակցիաները ցրվել են բռնությունների ճանապարհով։ Իսկ ընտրություններին նա առանձնահատուկ ծառայություն է մատուցել և հիմա պետք է պատասխան տա դրա համար։ Թող հիմա բացատրի՝ պե՞տք էր Սերժ Սարգսյանին նախագահ պահելու համար գնալ նման քայլերի ու հարվածի տակ դնեմ սեփական ճակատագիրը»,- ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

«Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման հիման վրա Հակամրցակցային գործունեության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են մի շարք նոր հանգամանքներ։

Մասնավորապես՝ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ ՀՀ Ազգային ժողովի 2012-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին միասին աշխատելու համար։ Բացի դրանից՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am