Օրեր առաջ հոդված էինք հրապարակել, որում ներկայացրել էինք մի քաղաքացու պատմություն, որը ճանապարհային նշանների բացակայության հետևանքով Չարենցավան քաղաքում վթարի մեջ էր հայտնվել։ Փորձագետները վճռել էին, որ վթարի հետևանքով փոխհատուցումը վարորդին պետք է տրամադրի Ճանապարհային ոստիկանությունը, քանի որ վթարի մասնակից երկու կողմերն էլ իրենց հերթին ճիշտ էին, մեղավորը՝ ճանապարհային նշանների բացակայությունը տվյալ հատվածում։ Դեպքից հետո դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որով Ճանապարհային ոստիկանությունը պարտավորվում է քաղաքացուն վճարել ավելի քան 1,5 մլն դրամ փոխհատուցում։ Արդեն 3 տարի է՝ քաղաքացին քաշքշուկների մեջ է, ոստիկանությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը՝ պատճառաբանելով, որ գումար չկա։ Քաղաքացին դիմել է գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել, քանի որ պաշտոնատար անձանց կողմից դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվում:

Այն, որ Հայաստանում պետական կառույցները և պաշտոնատար անձինք անգործության են մատնված եղել երկար ժամանակ, դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Մեր հրապարակումից հետո խմբագրություն զանգահարած քաղաքացին ներկայացրեց, որ նմանատիպ մի իրավիճակում էլ ինքն է հայտնվել դեռ 2002 թվականից։ Քաղաքացի Խաչատուր Մելքոնյանը մեզ ներկայացրեց իր դեպքը, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է, սակայն ոչ մի արձագանք չկա։

2002 թվականին, Երևանում երբ կառուցվում էր Հյուսիսային պողոտան, կառավարության որոշման համաձայն՝ հարակից փողոցներում բնակիչների տարածքները ճանաչվեցին որպես գերակա շահ, ինչը բնակիչների պնդմամբ՝ անօրինական էր։ Քաղաքացի Խաչատուր Մելքոնյանի՝ Թումանյան 21/4 հասցեում գտնվող 3 քմ տարածքը ևս ճանաչվել էր գերակա շահ, դրա փոխարեն որպես համարժեք փոխհատուցում այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ տրամադրվեց Թումանյան 34 շենքի հարևանությամբ գտնվող 5 քմ տարածքը։

Նշենք, որ Թումանյան փողոցի այդ հատվածում քաղաքացիների տարածքների տեղում այսօր գործում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, 80% բաժնեմասով պատկանող Ստեֆանո Ռիչչի խանութը։ Այսինքն՝ քաղաքացիների սեփականությունների տեղում Քոչարյանը կառուցեց սեփական գերթանկարժեք բրենդային խանութները՝ թողնելով շատ շատերին անգործ։

Վերադառնալով կոնկրետ դեպքին. Խաչատուր Մելքոնյանի ընտանիքին պատկանող, քաղաքապետի որոշմամբ, Երևան քաղաքի հատակագծով տրամադրված տարածքը այդպես էլ քաղաքացուն բաժին չհասավ։ 2002 թվականից ի վեր նրանք պայքարում են իրենց հասանելիք տարածքը Թումանյան փողոցի վրա ստանալու համար։ Անցնելով Հայաստանի դատական համակարգի բոլոր փուլերով, ունենալով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ քաղաքացին չի կարողանում մինչ օրս տիրապետել իր գույքին։ Անցնելով հայաստանյան դատական համակարգի բոլոր փուլերով՝ քաղաքացի Մարգարիտա Պապոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2018 թվականի հունվարի 11-ին Եվրոպական դատարանը Պապոյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է հրապարակել՝ վճռելով, որ խախտվել է քաղաքացու արդար դատաքննության իրավունքը՝ պարտավորեցնելով 3600 եվրոյի փոխհատուցում տրամադրել։

Ավելի պարզ ասած՝ քաղաքացին, ունենալով հայաստանյան դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռը, Եվրոպական դատարանի վճիռը, փաստացի չի կարողանում տիրապետել իր գույքին։ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին դիմել է դատարան՝ նշելով, որ այժմյան Երևանի քաղաքապետարանը չի համարվում նախկինի իրավահաջորդ։ ՀՀ քաղաքացին 16 տարի զրկված է աշխատելու, ապրելու իրավունքից, նրանից պետությունը՝ ի դեմս այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խլել է գույք, որի դիմաց փոխհատուցում չի տրամադրվել։ Եվ ինչքան քաղաքացիներ կան Խաչատուր Մելքոնյանի ճակատագրին արժանացած հենց երկրորդ նախագահի օրոք։

Ի դեպ՝ հավելենք, որ քաղաքացին առաջին անգամ չէ, որ հարցը բարձրաձայնում է։ Նախկին իշխանությունների օրոք բազմիցս թե՛ լրատվամիջոցներով, թե՛ բողոքի գործողություններով խնդիրը հանրայնացվել է, բայց ինչպես բոլոր հարցերը, սա ևս անտեսվել է։ Բազմիցս նրան հրավիրել են կուլիսային քննարկումների, հաշտության եզրեր գտնելու, բայց ինչ հաշտության կամ քննարկումների մասին է խոսքը, երբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը պետք է կատարվի առանց քննարկման։

Հիմա վերջինս հույս ունի, որ նոր իշխանությունների օրոք կկարողանա իր խնդիրը լուծել, ստանալ իրեն հասանելիք տարածքը, որը տարիներ առաջ իրենից խլել են։ Քաղաքացին ակնկալում է Երևանի քաղաքապետարանի, կառավարության արձագանքը և աջակցությունն այս հարցում։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am