Դեկտեմբերի 18-ին Սիվիլնեթ և Հայկական ժամանակ լրատվամիջոցներում հրապարակվել են տվյալներ կառավարության ապագա կառուցվածքի մասին: Ըստ լրատվամիջոցների՝ 17 նախարարություններից մնալու են 12-ը, 3 փոխվարչապետերից՝ 2-ը:
Ի դեպ, այս տարի ավելի վաղ Վրաստանում ևս տեղի էր ունեցել նախարարությունների կրճատում՝ 13-ի փոխարեն գոյություն ունի 10-ը:
Միավորումների արդյունքնում կստեղծվեն մի շարք մեծ նախարարություններ: Օրինակ, ըստ հրապարակումների, Կրթության և գիտության նախարարություններին միանալու են Մշակույթի, ինչպե նաև Սպորտի և երիտասարդության նախարարությունները: Վրաստանում այս երեք նախարարությունները ևս միավորվել են՝ չնայած ԿԳ և Մշակույթի նախարարությունների միավորումը միանշանակ չէր ընդունվել: Հիմնական դժգոհությունն այն էր, որ մշակութային ոլորտը կրթության ոլորտի համեմատ երկրորդ պլան կմղվի:
Եվրոպական մի շարք երկրներում ևս գոյություն ունեն փոքր կազմով կառավարություններ: Օրինակ, Նիդերլանդներում մշակույթը նույնպես միավորված է կրթությանը և գիտությանը: Նույն Նիդերլանդներում սպորտի ոլորտը համակարգվում է առողջապահության հետ, իսկ Շվեյցարիայում այն գործում է Պաշտպանության նախարարության կազմում:
Ստեղծվելու է Ենթակառուցվածքների, պետգույքի, տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունը: Մեկ այլ տարբերակով ստեղծվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նման նախարարություն կա նաև Վրաստանում: Եթե այս նախարարությունը գործի առաջին տարբերակով, ապա այն նման կլինի շվեյցարական համապատասխան նախարարությանը, որը կոչվում է շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցությունների նախարարություն:
Ըստ մամուլի հրապարակումների, գյուղատնտեսության նախարարությունը միացվելու է կամ տնտեսական զարգացման, կամ էլ տարածքային զարգացման նախարարությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կամ առողջապահության նախարարության հետ: Վրաստանում առողջապահության, սոցիալական հարցերի և աշխատանքների ոլորտները համակարգվում են մեկ նախարարության կազմում, իսկ Նիդերլանդներում այս ոլորտներն անջատված են:
Հայաստանի ապագա կառավարության կառուցվածքում կլինեն նաև հետևյալ նախարարությունները՝
Պաշտպանության
Արտակարգ իրավիճակների
Արտաքին գործերի
Կապի և բարձր տեխնոլոգիաների
Ֆինանսների
Արդարադատության
Բնապահպանության:
Նախատեսվում է, որ կլուծարվի սփյուռքի նախարարությունը, իսկ աշխատանքները կհամակարգի փոխվարչապետը: Մեկ այլ տարբերակով այն ապագայում միանալու է Արտաքին գործերի նախարարությանը:
Հայաստանի կառավարությունում երկու փոխվարչապետերի գործառույթները, ըստ էության, համարժեք կլինեն Նիդերլանդների Ընդհանուր գործերի նախարարության գործառույթներին:
Եթե մամուլում հրապարակված տեղեկությունները ճշգրիտ են, ապա Հայաստանի ապագա կառավարությունը նման կլինի Նիդերլանդների (12 նախարարություն) և Վրաստանի կառավարությանը (10 նախարարություն):
Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր առանձնահատկություններից ու առաջնահերթություններից, ստեղծում է ոլորտային նախարարություններ կամ ոլորտային միավորումներ:
Հայաստանի կառավարությունը գերակա ոլորտներ է հռչակել բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև հայրենադարձության կազմակերպումը: Նոր կառավարության կազմում ստեղծվում է Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Հայրենադարձության կազմակերպման գործառույթ, սակայն, չի դրվի Սփյուռքի նախարարության վրա, որի մասին գրվել է տարիներ շարունակ:
Նիդերլանդների կառավարության կառուցվածքը
Ընդհանուր գործերի նախարարություն
Գյուղատնտեսության, բնության և սննդի որակի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Տնտեսական հարցերի և կլիմայական քաղաքականության
Կրթության, մշակույթի և գիտության
Ֆինանսների
Արտաքին գործերի
Առողջապահության, բարեկեցության և սպորտի
Ենթակառուցվածքների և ջրային կառավարման
Ներքին գործերի և Թագավորության հարաբերությունների
Արդարադատության և անվտանգության
Սոցիալական հարցերի և աշխատանքի
Վրաստանի կառավարության կառուցվածքը
Ներքին գործերի
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների
Պաշտպանության
Էկոնոմիկայի և կայուն զարգացման
Արտաքին գործերի
Ֆինանսների
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Օկուպացված տարածքների ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի
Բնապահպանության և գյուղատնտեսության
Արդարադատության
Ինչպես նաև հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար: