Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե երկար ժամանա անց առաջին անգամ հաջողձվել է գալ Հայաստանի հետ փոխըմբռնման: Այդ հայտարարությունն աղմուկ է առաջացրել Հայաստանում, դրա տակ դիտարկումներով, որ Արցախի խնդրում հայկական կողմը գնում է զիջման:

Ադրբեջանի հայտարարությունների նպատակը տարիներ շարունակ եղել է դա, կամ ավելի շուտ դա եղել է այդ հայտարարությունների նպատակներից մեկը: Այն, որ Բաքուն տարիներ շարունակ բանակցային գործընթացի առնչությամբ արել է հայտարարություններ, որոնք պարունակել են ակնարկ իրենց ձեռքբերումների եւ հայկական կողմի զիջման պատրաստակամության մասին, ամենեւին նորություն չէ: Եվ ավելին, հայկական կողմից անգամ հնչել են հրապարակային հայտարարություններ այդ զիջման պատրաստակամության մասին:

Ադրբեջանն իր հայտարարություններով գործնականում փորձում է կառավարել Հայաստանի հանրային տրամադրությունները, ու պետք է ասել, որ տարիներ շարունակ թեկուզ հարաբերական, բայց արձանագրում է այդ հարցում հաջողություն: Այստեղ պատճառները մի քանիսն էին, մինչեւ 2018-ի ապրիլ: Առաջինը Հայաստանի հանրության անվստահությունն էր իշխանության հանդեպ՝ ոչ միայն Արցախի հարցում, այլ ներքին կյանքից եկող մեծ անվստահությունը: Նաեւ քաղաքական ընդդիմության շահագրգռությունը՝ Ադրբեջանի հայտարարություններն օգտագործելու հարցում: Դրանով զբաղվում էին նաեւ ընդդիմության այս կամ այն շրջանակին սպասարկող մեդիան ու փորձագետների խմբերը:

Միեւնույն ժամանակ, այդ տեղեկատվա-քարոզչական կառավարման հարցում Ադրբեջանի հաջողության գրավական էր նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունը մի շարք հանգամանքների բերումով վարում էր այսպես ասած պաշտպանողական քաղաքականություն, բանակցային գործընթացում կատարելով արձագանքողի, պատասխանողի, արդարացողի դեր:

2018-ից հետո իրավիճակը փոխվել է, բայց կարծես թե միայն այն առումով, որ այլեւս Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն, որը վայելում է հասարակության մեծ վստահությունը: Միաժամանակ, շարունակում են լինել ընդդիմադիր շրջանակներ, որոնք պատրաստ են օգտագործել Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի իշխանությանը զիջողական քաղաքականություն վերագրելու համար, թեեւ ի տարբերություն նախկին իշխանության նորը թույլ չի տվել այդպիսի կասկածի հրապարակայաին տեղիք կամ առիթ: Շարունակում են լինել այդ ընդդիմադիր շրջանակներին սպասարկելու պատրաստ մեդիա եւ փորձագիտական խմբեր:

Եվ, դատելով Հայաստանի արտգործնախարարության արձագանքից, շարունակվում է Հայաստանի պաշտպանողական քաղաքականությունը, պատասխանողի, արդարացողի, Ադրբեջանի հայտարարություններն այսպես ասած բացատրողի դերը եւ մարտավարությունը:

Ադրբեջանը շարունակում է լինել բանակցային գործընթացի «նյուզմեյքեր»: Իրականում, Բաքվի ընթացիկ դիվանագիտական դիրքը շահեկան չէ, թեեւ ռազմավարական առումով Ադրբեջանն ունի առավելություն՝ բանակցային կոչված գործընթացի ամենասկզբից, ԼՂՀ տարածքների հանդեպ «իրավունք» ստանալու տեսքով, որ դրանց վերադարձելիության մասին հայտարարություններով տվել է հայկական կողմն ու պահել Ադրբեջանի այդ «իրավունքը»:

Այդուհանդերձ, մարտավարական տեսանկյունից թե 2016-ի ապրիլյան տապալված ռազմական արկածախնդրությունից, թե 2018-ի ապրիլին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանը դիվանագիտական-քաղաքական դաշտում փակուղային վիճակում է:

Միաժամանակ, ավելի խորքային իմաստով խնդիրն այն է, որ Բաքուն չունի միջազգային համակարգային աջակցություն ստատուս-քվոյի փոփոխության հարցում, չկարողանալով աշխարհքաղաքական մասշտաբում խորքային կապիտալիզացիայի ենթարկել հայկական կողմի սխալի հետեւանքով քառորդ դար առաջ ստացած իր ռազմավարական խաղաքարտը:

Բայց, Բաքուն կարողանում է պահել գործընթացի «նյուզմեյքերությունը», եւ Մամեդյարովի հերթական հայտարարությունն ու դրա հանրային-քաղաքական արձագանքը Հայաստանում այդ իրողության վկայությունն են:

Կարո՞ղ է հայկական կողմը չեզոքացնել Ադրբեջանի այդ առավելությունը, թե՞ համարում են, որ դա խնդիր չէ եւ չէր վնասում անգամ նախկին ոչ լեգիտիմ իշխանությանը, ու առավել եւս չի վնասի իրեն՝ լեգիտիմ իշխանությանը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am