Որպես Ազգային ժողովի նախագահ «Իմ քայլը» դաշինքը կառաջադրի Արարատ Միրզոյանի, որպես փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19–ին, «Մարիոթում» կայացած հավաքի ժամանակ վերջնական որոշում է կայացրել «Իմ քայլը» դաշինքը։

«Վարչապետն առաջարկեց թեկնածուներին, որոնց քննարկել էինք, հարցուպատասխան տեղի ունեցավ, քվեարկություն, թեկնածությունները հաստատվեցին»,– հավաքից հետո լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։


Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում նույնպես հաստատվել է։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե դաշինքի ներսում Մակունցի նշանակման հետ կապված դժգոհություններ կան։

Խմբակցության քարտուղար կնշանակվի Հակոբ Սիմիդյանը։

Հանձնաժողովների նախագահների հարցը նույնպես քննարկվել է, սակայն Ալեն Սիմոնյանը անուններ չտվեց։

Նրա խոսքով՝ վարչության անդամները քվեարկել են միաձայն, միայն մեկ ձեռնպահ է եղել։

Կառավարության անդամների հարցը, ըստ նրա, դեռ վերջնականապես չի լուծվել։