Հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված երկվորյակները դեռ գտնվում են Գյումրիի մանկատանը։ Այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Արդեն 2 ամսական են բալիկները, շատ լավ, առողջ երեխաներ են մեծանում են։ Մայրը մի քանի անգամ եկել, տեսակցել է, բայց տանելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, չենք կարող ասել՝ երբ մայրը կտանի երեխաներին»,– նշեց Գորգինյանը։

Գորգինյանի խոսքով՝ այս ընթացքում երեխաների հայրը ոչ մի անգամ չի տեսակցել փոքրիկներին։

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։

Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար: