Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անում արդարադատության նախարարության շենքի մոտ՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության: Նրանք ասում են, որ տեղյակ են՝ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումը ու վերաքննիչ բողոք ներկայացնել: Պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանի գործով արագացված դատաքննություն իրականացվի:

«Մեր ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է: Մեր պահանջն է արագացված դատաքննություն և արդարադատություն: Մանվել Գրիգորյանն իրավունք չունի մեկ րոպե ավել ազատության մեջ լինել, նա հանրության համար վտանգավոր է: Եվ եթե բաց են թողնում առողջական վիճակի համար, պետք է տեղափոխեն հիվանդանոց, ոչ թե իր շքեղ առանձնատուն: Մանվել Գրիգորյանն ունի մեծ թվով զենքեր, որոնց մասին հնարավոր է իրավապահները չգիտեն, հնարավոր է նրա հրամանով որոշ ստահակներ զինվեն ու որոշ գործողություններ իրականացնեն: Իսկ ոստիկանությունը չի կարող անգամ կռահել դա: Մենք նրա ազատ արձակման օրը տեսել ենք իր հրոսակախմբի պահվածքը Էջմիածնում, և դա մեզ արդեն մտահոգվելու տեղիք է տալիս»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

Ակցիայի մասնակիցները հերքում են նաև տեղեկությունները, ընդդեմ Մանվել Գրիգորյանի ակցիաները հովանավորվում են Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմից:

Արդարադատության նախարարության շենքից ցուցարարները շարժվելու են դեպի Գլխավոր դատախազության շենք՝ ներկայացնելու իրենց պահանջները: