ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով կառավարության կառուցվածքի օպտիմալացման մտադրությանը, գրառում է արել, թե նոր կառավարությունը դժվարի փոխարեն ընտրեց հեշտ ճանապարհը: Հովհաննիսյանը նկատի ունի մի շարք նախարարություններ լուծարելու որոշումը, որն իր հետ կբերի աշխատակիցների մի մասի կրճատման: Մշակույթի եւ սփյուռքի նախարարության աշխատակիցները արդեն իսկ անում են բողոքի ակցիաներ:

ՀՀԿ-ն, որ կառավարության կառուցվածքի ուռճացման գլխավոր պատասխանատուն է, փորձում է խաղալ այդ ակցիաների վրա: Ինչ հեռանկար ունի այդ խաղը, այլ հարց է, բայց որ խաղը զուրկ է պետական կառավարման պրագմատիզմից՝ ինչը մշտապես փորձում է իր «անփոխարինելիության» գրավական ներկայացնել ՀՀԿ-ն, ակնառու է:

Ընդ որում, հեշտ ճանապարհը ընտրել է ոչ թե նոր իշխանությունը, ինչի մասին խոսում է հին իշխանության երիտասարդ ներկայացուցիչը, այլ ընտրել էր ՀՀԿ-ն, որովհետեւ ավելի հեշտ էր պետության հաշվին ուռճացնել համակարգը, ըստ այդմ վարչական ռեսուրսը, ու քամելով պետությունը՝ պահել մեծ համակարգը՝ որպես հանրային լեգիտիմության բացակայության պայմաններում անաղմուկ վերարտադրության կարեւոր ռեսուրս:

Դժվարը հենց այն է, երբ կառավարությունը ստանձնում է ցավոտ օպտիմալացում իրականացնելու հանձնառություն ու պատասխանատվություն: Թե ինչպիսին է օպտիմալացումն ըստ բովանդակության, դա այլ խնդիր է: Այստեղ պետք է բանավեճ, քննարկում: Օրինակ, լուծարել այս, թե այն նախարարությունը, միացնել այս, թե այն կառույցը, եւ այլն: Այստեղ քննարկումները ոչ միայն անխուսափելի են, այլ նաեւ անհրաժեշտ:

Միեւնույն ժամանակ, կա՞ Հայաստանում մարդ կամ խումբ, որը կասկածի տակ կդնի փոքր Հայաստանի համար ահռելի պետական ապարատի առկայությունն ու այն օպտիմալացնելու անհրաժեշտությունը:

Հազիվ թե որեւէ մեկը վիճարկի, որ պետական կառավարման համակարգը ուռճացված է եւ անարդյունավետ: Իսկ այդ համակարգի որ կառույցի օպտիմալացման խնդիր էլ դրվի, միեւնույն է լինելու է դժգոհ աշխատակիցների բողոք, որոնք անշուշտ պնդելու են իրենց կառույցի եւ աշխատանքի կարեւորության, անհրաժեշտության մասին:

Կա՞ ոլորտ, որը պետության համար կարեւոր չէ՝ նախարարության կարգավիճակով կառավարվելու համար: Ի՞նչը կարեւոր չէ: Բոլորն էլ կարեւոր են, բայց աներկբա է, որ բոլոր ոլորտները չեն կարող ունենալ նախարարության կարգավիճակ:

Եվ կարեւոր է մի բան էլ՝ ոլորտի քաղաքականությունն ու ապագան ամենեւին նույնական չէ նախարարություն լինել չլինելու հետ: Այստեղ է, որ պետական քաղաքականությունն իրականացնելու համար կա կառավարման կառուցվածքի շուրջ խորքային մասնագիտական բանավեճի, քննարկումների անհրաժեշտություն:

Բայց այդ ամենից չի փոխվի հարցի ցավոտ, սակայն անհրաժեշտ լինելը՝ օպտիմալացումը չունի այլընտրանք:

ՀՀԿ-ն էր ընտրել հեշտ ճանապարհը, կամ ավելի շուտ հեշտ ճանապարհի վրա էին ՀՀԿ տարեց կամ երիտներկայացուցիչները, որովհետեւ դժվար էր Սերժ Սարգսյանի համար: Նրա վրա էին դրել պատասխանատվությունը, վերջում հռչակել անփոխարինելի եւ իմաստուն:

Իսկապես հեշտ է երկրպագել մեկին եւ պետության հեռանկարային խնդիրների համար հռչակել նրան անփոխարինելի: Դժվար էր Սերժ Սարգսյանի համար՝ օրեցօր զգալ նվաղող պետության կարողությունների թուլացումը, դրանից առաջացող ներքին ու արտաքին խնդիրները, բայց չկարողանալ անել գլխավորը՝ իրականացնել ցավոտ ռեֆորմներ, որովհետեւ չկար քաղաքական թիմ, որը կարող էր իրապես կրել այդ ռեֆորմների իր բաժին ծանրությունն ու պատասխանատվությունը, ոչ թե այն թողնել Սերժ Սարգսյանի վրա:

Թիմի մեծամասնությունը իր պատասխանատվությունը լավագույն դեպքում կվաճառեր Կարեն Կարապետյանին, կամ նրանից առաջ Հովիկ Աբրահամյանին, ինչին թերեւս պատրաստվում էին հոգեբանորեն, երբ Սերժ Սարգսյանը մեծամասնությանը ոտքի հանեց եւ դրեց գոնե Գագիկ Ծառուկյանի հասցեին ասված խոսքերի պատասխանատվության տակ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am