Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ՌԲԿ գործակալության հետ զրույցում ասել է, որ Մոսկվան այլ երկրների հետ խոշոր առևտրային գործարքներում հրաժարվել է դոլարից: Նա բերել է C 400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի օրինակը՝ Թուրքիային, Հնդկաստանին ու Չինաստանին: Մանտուրովն ասել է, որ այդ գործարքները կնքվել են ռուբլով կամ գնորդ երկրների ազգային արժույթով: Մանտուրովի հայտարարությունն ուշագրավ է այն քննարկումների ֆոնին, որ հայ-ռուսական տիրույթում ընթանում են գազի գնի շուրջ: Բանն այն է, որ Հայաստանն արդեն տարիներ շարունակ Ռուսաստանին առաջարկում է գազի հարցում անցնել ռուբլով հաշվարկի: Այդ առաջարկը հնչել է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, Հովիկ Աբրահամյանն է արել այդ առաջարկը: Կա՞ այդ առաջարկը Երևանի օրակարգում ներկայումս, թե՞ ոչ:

Բանն այն է, որ Երևանի համար ռուբլով հաշվարկը ձեռնտու է Ռուսաստանի տնտեսության և ռուբլու ներկայիս իրադրության ֆոնին, քանի որ այն բավական անկայուն է, և ռուբլով հաշվարկը թույլ կտա հայկական բիզնեսին խուսափել ՌԴ ռուբլու փոխարժեքի տատանումներից բխող որոշակի ռիսկերից: Ռուսաստան ապրանք արտահանող հայ գործարարներն էլ դիտարկել են ապրանքի գինը ռուբլով հաշվարկելու հնարավորությունը, հատկապես 2014 թվականի առաջին ուժգին ցնցումից հետո, դարձյալ փոխարժեքի տատանումներից ապահովագրվելու համար: Իհարկե, սա, ընդհանուր առմամբ, դրամա-վարկային, ֆինանսական բավականին բարդ փոխհարաբերության խնդիր է, բայց կասկածից վեր է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հնդկաստանի, թե՛ Չինաստանի պարագայում Մոսկվան ամենևին էլ սեփական ցանկությամբ չէ, որ անցել է ռուբլով կամ այդ երկրների ազգային արժույթով հաշվարկի: Դա, մեծ հավանականությամբ, այդ երկրների պահանջն է, դարձյալ հաշվի առնելով ռուբլու և ռուսական տնտեսության անկայունությունը, առավել ևս նկատի ունենալով այն, որ այդ զինատեսակի վաճառքի շուրջ գործարքը ենթադրում է իրականացման երկարատև շրջան, ինչն էլ առաջացնում է անկայունությունից ապահովագրվելու անհրաժեշտություն: Չինաստանին այդ հարցում մերժելը Մոսկվայի համար, բնականաբար, դժվար է, նույնը Թուրքիայի և Հնդկաստանի դեպքում, իսկ ահա Հայաստանին մերժելը խնդիր չէ, իսկ ահա հայ-ռուսական առևտրում ազգային արժույթով հաշվարկի անցնելու հարցում հայկական կողմի առաջարկը Մոսկվան փաստացի մերժում է:

Ի դեպ, այստեղ հատկանշական է այն, որ հայաստանյան հանրության մի զգալի հատվածում նույնացվում է առևտրի հաշվարկում ռուբլու անցումը ընդհանրապես ֆինանսական համակարգում դոլարից հրաժարվելու հետ: Դա շփոթություն է, քանի որ փոխադարձ հաշվարկը ռուբլով կամ ազգային արժույթով անելը ամենևին չի նշանակում, այսպես ասած, հրաժարվել դոլարից և անցնել ռուբլու գոտի: Թուրքիան, Չինաստանը կամ Հնդկաստանը ռուբլով իրականացնելով խոշոր գործարքները Մոսկվայի հետ, չեն հրաժարվել դոլարից և անցել ռուսական ֆինանսական համակարգ:

 նյութի աղբյուրը՝ 1in.am