Նաիջեւանում դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են։ Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Ունենալով փորձը, թե ինչպես է հակառակորդը Արցախում սողոսկելու մարտավարության շնորհիվ իր դիրքերը տարիների ընթացքում մոտիկացրել, նույն գործընթացը սկսել է Նախիջեւանում»,–նշեց նա։


Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ գոեւծող իշխանությունների կողմից համարժեք քայլեր չեն կատարվում այդ գործողությունները կանխելու համար։

Նա շեշտեց՝ Նախիջեւան ճակատում, հաշվի առնելով ընդգծված լեռնային վիճակը, եթե հմուտ գործենք, շատ հանգիստ կարող ենք կանխել այն, ինչ տեղի է ունենալու։

«Նորից եմ ասում՝ այս գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք ուշադիր եւ համարձակ պիտի լինեն ու կանխարգելեն հակառակորդի քայլերը, մասնավորապես, այն հատվածներում, որտեղ հակառակորդը դրանց ձեռքբերումով շատ մեծ նշանակության ճանապարհներ հսկելու հնարավորություն է ունենում, որը այսօր մասնակի արդեն տեղի է ունեցել»,–ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ ընդամենը քաղաքական կամք է պետք ուղղումներ մտցնելու համար, իսկ իրենք ամեն կերպ աջակցելու են ներկա իշխանություններին։