Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով, լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։


Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն էր ստացել ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին: