Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ի իր նիստում որոշեց Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնապատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեւանի այդ տարածքի գոտեւորման նախագծով նախատեսվում է Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:


Սուերն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

«Տարածքի անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել եւ մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան:

ՀՀ կառավարության որոշմամբ նշված տարածքների նկատմամբ ճանաչվել էր հանրության գերակա շահ եւ օտարման վերջնաժամկետ է ճանաչվել 2018-ի հունիսի 30-ը: Տարածքների ձեռքբերող էր ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Այդ ընկերությունը որոշ սեփականատարերի չի ուղարկել տարածքի օտարման պայմանագրերի նախագծերը եւ 48 միավոր գույք դեռեւս չի իրացվել: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը»,-ընդգծեց Պապիկյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ սա նախկինից ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է. «Այդ տարածքի հանրային գերակա շահ ճանաչելը տխուր պատմություն ու վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք ծրագրի ավարտին հասցնելու համար գնալ այսպիսի ծայրահեղ քայլի, բայց պետք է երաշիքներ ունենաք եւ բոլոր ջանքերը գործադրենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի այն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Մենք ունե՞նք այդ երաշխիքները, պարոն Պապիկյանը»:

Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ համապատասխան ընկերությունը հավաստիացրել է, որ քաղաքի տարբեր հատվածներում ունեն իրենց կառուցած բազմաբնակարան շենքեր եւ կարող են այդ բնակարաններով փոխհատուցել բնակիչներին»:

Նշենք, որ խոսքը «Հին Երեւան» ծրագրի մասին է, որով նախատեսվում է իրականացնել պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն ստեղծվում կորցված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձեւավորման եւ ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: