Վերին Լարսի անցակետը՝ Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ, իսկ անցակետի երկու կողմերում բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են: Այս մասին Lragir.am-ին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը:

Վրացական կողմից այսօր առավոտյան հայ գործընկերներին տեղեկացրել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով է անցակետը փակվել: «Գուդաուրի-Կոթի հատվածում ձնահոսքի վտանգ կա, մի քանի օր ձյուն է եղել, մոտ 2 ժամ առաջվա դրությամբ ձյունը դադարել է, բայց ձնահոսքի վտանգը դեռ կա: Ինձ ասացին՝ առայժմ միայն թեթև մարդատար մեքենաներին են մասնակի թողնելու: Այսինքն՝ Վրաստանի իշխանութունները և մեր դասպանատունը մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ անվտանգությունից ելնելով է ճանապարհը փակ»,- ասաց Փամբուխչյանը:

Քանի որ այս փուլում և բեռնափոխադրումներն են ակտիվ, և ուղևորահոսքը, ըստ փոխնախարարի պաշտոնակատարի, բեռնատարներից բացի նաև մեծ քանակությամբ մարդատար մեքնենաներ կան անցակետի երկու կողմերում:

«Քանակ չեմ կարող ասել, բայց բավական թվով բեռնատարներ կան, նաև շատ մարդատար մեքնենաներ կան: Մարդկանց մի մասը Հայաստան են գալիս տոները դիմավորելու, իսկ բեռնատարներն էլ Նոր տարվա ընդառաջ վերջին փոխադրումներն են իրականացնում: Պայթյունավտանգ իրավիճակ չէ, բայց ամեն դեպքում մարդիկ անհարմարության մեջ են հայտնվել»,- հավելեց Փամբուխչյանը: Նրա խոսքով՝ վրացական կողմից ասել են, որ ամեն ինչ անում են՝ ճանապարհը բացելու համար: Բայց ասել են, որ միայն մարդկային գործոնով չէ պայմանավորված դա, ողբերգական դեպքերը կանխելու համար պետք է ձնահոսքի վտանգը վերացվի: