Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված կարեւոր հանգամանք էր նշել:

Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի բարձրաստիճան ոստիկան պատմել է, թե ինչպես են իրեն Մարտի 1-ին թիրախավորել, որ սպանեն: Այսօր Նիկոլայ Գրիգորյանից խնդրեցինք պարզաբանել, թե որ բարձրաստիճան ոստիկանի մասին է խոսքը, վերջինս, սակայն, մեր զրույցում ասաց, որ թույլտվություն չունի անունը հրապարակելու:

Armtimes.com-ի տեղեկություններով, այդ բարձրաստիճան ոստիկանը Արմեն Երիցյանն է եղել, որը 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն էր:

«2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին»: Մեր տեղեկություններով, հուշումը արվել է ԱԱԾ աշխատակիցներից մեկի կողմից:

Խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված:

Այսպես է Մարտի 1-ի դեպքերը բնութագրել ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: Նա նաեւ բարձրաստիճան մի ոստիկանի հետ կապված պատմություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մարտի մեկը ոչ միայն գարնան առաջին օրն է՝ զարթոնքի, սիրո և երիտասարդության, այլև՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Ընդգծում ու շեշտադրում եմ՝ պատերազմների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության:

2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին: Մարտի մեկի դառնաղետ հետևանքները միայն զոհերն ու ջարդուխուրդ արված ծեծվածները չէին, բաժին-դատարան-բերդերում նվաստացածները չէին, լռեցված մամուլն ու բռնաբարված քաղաքացիական ազատությունները չէին. ամբողջ Հայաստանով մեկ լսվում էր հայի արժանապատիվ, հպարտ ու ըմբոստ տեսակի մեջքի կոտրվածքի ճռինչը, հիասթափություն, հուսալքվածություն, անճար ու անզոր հուսահատություն ու արտագաղթ: Երկիրս դարձավ տաք լոգարանի մեջ երակները բացած, անտարբեր, անհույս ու արնաքամ, անարդարությունից լքվող, դատարկվող ու ամենասարսափելին՝ վախեցած, համակերպվող ու ահաբեկված հայրենիք:

Արտագաղթ, երկրաշարժ, պատերազմ, հոկտեմբերի 27 տեսածներս սրա միջով էլ անցանք, սա էլ վերապրեցինք, բայց ինչ կորուստներով:

Ամենամեծ մեղադրանքը, որ ունեմ ներկայացնելու էս երեսուն տարվա ղեկավարներին, ամենամեծ հարցը, կասկածը, զարմանքը, մորմոքը՝ որն էր ձեր երազած-պատկերացրած հայ տղամարդը, Հայաստանի քաղաքացին, ձեր կերտած հայ երիտասարդի բարոյական նկարագիրը, կադրային սելեկցիան դեռ ինչքան պիտի իջեցնի արժանապատվության ու պրոֆեսիոնալիզմի նշաձողը:

Երբ կազմավորվեց Քաղաքացիական պայմանագիրը, ես այն անընդհատ ասոցացնում էի ՔՊ-ի՝ քաղաքացիական պաշտպանության հետ: Ես մի թաքուն փայփայած հույս ունեմ, որ մի օր երկրիս կվերադարձվի քաղաքացիներին պաշտպանելու պետության պարտականությունն ու ՔՊ համաշխարհային օրվա իրական խորհուրդը, և մարտի մեկը մեզանում կդառնա ազգային համերաշխության օր: Հաջորդիվ կներկայացնեմ, թե ինչ դժվարությունների միջով անցա ու ինչքան ժամանակ պահանջվեց, որ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հիշատակի օրը վերանվանվի հիշատակի ու դիմակայունության օր՝ հանդիսանալով սառցաբեկորի գագաթն այն ռազմավարության, որ կոչվում է Դիմակայունության ազգային ծրագիր:
Մեր ուզածն ինչ է՝ մի կտոր չոր հաց /անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ, կայուն զարգացող, բոլոր հայերի հայրենիք, երջանիկ Հայաստան/:

Իսկ թե կորնչե պիտի իմ հուսկ շունչ…
Օհ, փշոտ է ճանապարհդ…

Դեռ 1931թ. Ֆրանսիացի վիրաբույժ, Գեներալ Սանտ Պոլը Փարիզում հիմնեց Ժնևյան գոտիներ ասոցիացիան, որի ակտիվ գործունեության շնորհիվ 1936թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի, իսկ1937թ. Ճապոնիայի և Չինաստանի միջև կոնֆլիկտի ժամանակ քաղաքացիական բնակչության համար հաջողվեց ստեղծել չեզոք գոտիներ ու հարյուր հազարավոր մարդկային կյանքեր փրկել: 1958թ. Գոտիները դարձավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպություն, իսկ 1972-ին՝ միջկառավարականի կարգավիճակ ստացավ: Հայաստանը 1994 թվականից անդամակցում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանը»: