Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովն աղքատացավ մականունավոր պատգամավորների տեսանկյունից: Խորհրդարանում չեն լինի հայտնի պատգամավորներից գրեթե բոլորը: Հնարավոր է, որ նրանց փոխարինելու գան նորերը, սակայն մի բան հստակ է՝ մենք նոր խորհրդարանում չենք ունենա հին մականունավորներին:

Վերոնշյալ մարդկանց թվին են պատկանում Արտակ Սարգսյանը, ով ավելի հայտնի է ՍԱՍ-ի Արտակ անունով, Միհրան Պողոսյանը, ում հանրությունը ճանաչում է Քեթրինի Միհրան անունով, Արամ Հարությունյանը, ով ոչ միայն նախկին պատգամավոր է, այլ նաև նախկին նախարար է և ներկա մեղադրյալ: Նա հայտնի է Բուլկի մականունով: Ցանկում հայտնվել են նաև Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահան, Արտաշես Գեղամյանը, ում կնքել են Դհոլ մականունով, Աշոտ Արսենյան՝ Քլոս, Մելիք Մանուկյան՝ շշի Մելո, Կարեն Ավագյան՝ Փուչիկ և իհարկե Սամվել Ալեքսանյանը, ում մականունը հիշեցնելու կարիք երևի թե չկա:


Հայտնի մականուններ չեն ունեցել մի շարք պատգամավորներ, առանց որոնց խորհրդարանում տխուր կլինի: Վերջիններիս թվին կարելի է դասել գեներալներ Սեյրան Սարոյանին և Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանին:

Նոր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

 Նյութի աղբյուրը՝ analitik.am