Հունվարի 6-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների, մանկապարտեզի մանկավարժի և Սլավոնական համալսարանի դասախոսի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում:

Կարճ ժամանակ անց, հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մեկ անձ գետնին է ընկած:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ, 17-ամյա Մ. Ղ.-ն, որը սովորում է Երևանում գործող վարժարաններից մեկում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 15-ամյա Մ.Ա.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Մ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Ս.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 17-ամյա Ա.Բ.-ն, որը սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Մ.Բ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 40-ամյա Նելլի Մոիսեևան, որն աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ, 51-ամյա Սամվել Բաբասյանը, որն աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննությունններ, կռվին մասնակցած անձինք բաց են թողնվել։