Տարեվերջն ու տարեսկիզբը հարուստ են իրադարձություններով. Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը սահմանին, Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ներքին սպառողի համար գազի գինը կմնա նույնը: Մոսկվայի այս քայլն իհարկե որեւէ արդարացում չունի, անկախ նրանից՝ դա տնտեսական է, թե քաղաքական, ներքին սպառողի համար գինը կբարձրանա, թե ոչ:

ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայից զորքը դուրս բերելու մասին, ինչպես երեւում է՝ Թուրքիայի պահանջով: Ճիշտ է, հետագայում ամերիկացիները նախապայմաններ դրեցին թուրքերի առջեւ, որին հետեւեց Անկարայի կոշտ պատասխանը: Ավելորդ է ասել, թե Հայաստանն ինչ կարեւոր շահեր ունի Սիրիայում ու Իրաքում, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ թուրքերի տարածքային էքսպանսիայի գոտին համընկնում է հայերի պատմական ու քաղաքակրթական ներկայության շրջանին: Թուրքերը հետեւողականորեն վերացնում են հայկական ներկայության բոլոր դրսեւորումները, ավարտին հասցնելով 100-ամյա քաղաքականությունը:

Հայկական պետական-քաղաքական շրջանակներում քննարկվո՞ւմ է այս հարցը, նկատի առնելով, որ այն անմիջապես առնչվում է Հայաստանի (ներառյալ Արցախը) անվտանգության խնդրին: Այստեղ թերեւս տեղին է նաեւ հարցը՝ ի՞նչ եղավ Սիրիա ուղարկվելիք հայկական զորախումբը:

Մինչ այդ, Հայաստանում այլ հարցեր են քննարկվում: Նախկին դաշինքի անդամ կուսակցությունները լուրջ բանավեճի մեջ են Երեւանում աղբահանության խնդիրների վերաբերյալ: Քննարկվում է ավտոդողերի գողության, կապույտ մազերով աղջիկների հարցը:

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հայկական կողմը պնդում է, թե ազգամիջյան երանգ չպետք է տալ այս հարցին:

Սրանք իհարկե կարեւոր հարցեր են, եւ հետաքրքիր է՝ նոր խորհրդարանը կմնա՞ այս շրջանակներում, թե այնուամենայնիվ քաղաքական լայն բանավեճեր կնախաձեռնի ռեգիոնալ եւ գլոբալ քաղաքականության հարցերի շուրջ: Դատելով քաղաքական ակտուալ խմբերի ու ԶԼՄ-ների քննարկումներից, հույսերն այդքան էլ շատ չեն: Միեւնույն ժամանակ, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներն անհնար է լուծել միայն «լոկալ» միջոցներով, կոռուպցիայի դեմ պայքարով եւ այլն:

Այս տեսակետից, Պուտինը մեծ նվեր մատուցեց Հայաստանին, բարձրացնելով գազի գինը: Ավելի ճիշտ՝ սկսեց Հայաստանի «փորձարկումը», տալով քաղաքական պահանջների առիթ:

Բանն այն է, որ Ռուսաստանում ու եվրասիական տարածքում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը քաղաքական ու քաղաքակրթական լուրջ սպառնալիք է: Իրականությունից հեռու չեն այն տեսակետները, ըստ որոնց Հայաստանի հանդեպ վարվում է այնպիսի քաղաքականություն, որը հայ ժողովրդի մոտ դժգոհություն ու կասկածներ կհարուցի իր իսկ հեղափոխության նշանակության, կառավարության հանդեպ:

Դրա համար կան բոլոր նախադրյալներն ու լծակները, այդ թվում ներքին ագենտուրային լայն ցանցն ու կրեատուրան: Դրանք ներկայում լայնորեն գործի են դրվել, ցանցերում ու ԶԼՄ-ներում ծավալելով գրեթե ապոկալիպտիկ հիստերիա ու նվնվոց, հընթացս կրկնելով իջեցված թեզը, որ Հայաստանում ոչ մի փոփոխություն էլ չկա:

Հիմա, որն է լինելու Հայաստանի կառավարության, հանրային-քաղաքական ակտուալ խմբերի արձագանքն այս քաղաքականությանը, ինչ պահանջներ են առաջ քաշվելու: Օրինակ, Մոսկվայի առջեւ դրվելո՞ւ են 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի վերանայման, Գյումրիի բազան հանելու հարցերը՝ սպառազինությունը Հայաստանին թողնելու պայմանով: Հայաստանում ընդհանրապես կա՞ ապրիլյան հեղափոխության նշանակության ու այդպիսով սեփական սուբյեկտության, հնարավորությունների ու առաքելության գիտակցումը: Մենք դառնում ենք պետական-քաղաքական ա՞զգ, թե մնում ենք «մունիցիպալ» մակարդակում:

Տոներն ու մեռելոցն ավարտվեցին, եւ վաղվանից կպարզվի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am