Ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ հայերից հաշվեհարդար տեսնելու համար ներխուժում «Բաքու» սրճարան: Դեպքը տեղի է ունեցել Սեմեյ քաղաքում:

«Տվյալ տեսանյութը ցույց է տալիս վերջին օրերի անհեթեթությունը: Հասուն տղամարդիկ Սեմեյ քաղաքում ներխուժել են «Բաքու» ադրբեջանական սրճարան՝ հաշվեհարդար տեսնելու հայերից՝ ղազախ քաղաքացու սպանության համար: Ընդ որում, սրճարանում կախված է ադրբեջանական դրոշը: Մարազմն ավելանում է: Այդ մարդիկ, հավանաբար, չգիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք չգիտեն, որ Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է, Հայաստանի թշնամին: Նրանք պատկերացում չունեն, որ ադրբեջանական դրոշը տարբերվում է հայկականից: Կարագանդայի սպանությունն ազգամիջյան վիճաբանություն չէ, այն ամանորյա կենցաղային վեճ էր: Ծեծկռտուքին բացառապես հայեր չեն մասնակցել, նրանց թվում են եղել նաև ղազախներ, տուժած կողմում ևս բացառապես ղազախներ չեն եղել»,- տեսանյութին կից գրել է քաղաքագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ղազախստանցի իրավապահները պարզել են սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանի հնարավոր գտնվելու վայրը: