Մինչ մամուլն ու փորձագիտական հանրությունը կենտրոնացած են ԱԺ փոխնախագահի, այսպես ասած, ընդդիմությանը հասանելիք քվոտայի հարցի վրա, այդ համատեքստում դիտարկելով նաև խորհրդարան անցած երեք ուժերի հավաքական և առանձին երկկողմ փոխհարաբերությունների հարցերը, նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին կա թերևս առավել խորքային ուշադրության արժանի հարց: Այն կապված է ԲՀԿ-ի հետ, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, չհրաժարվեց մանդատից և գնալու է խորհրդարան:

Հարցն այն է, որ Գագիկ Ծառուկյանը նոր խորհրդարանում, ըստ էության, միակ պատգամավորն է, որը նաև խոշոր սեփականատեր է: Եթե նախկինում այդ առումով «Բարգավաճ Հայաստանը» երկրորդն էր, ապա այժմ արդեն անկասկած առաջինը, որովհետև Ծառուկյանից բացի, խորհրդարանում խոշոր սեփականատիրական դասի որևէ այլ ներկայացուցիչ, կարծես թե, ուղիղ ներկայացված չէ, համենայնդեպս՝ համեմատելի կալիբրների իմաստով: Իսկ նախկինում համեմատելի կալիբրով խոշոր սեփականատերեր կամ օլիգարխներ ներկայացված էին բազմապատիկ ավելի մեծ թվակազմով: Մինչդեռ Նոր Հայաստանի և դրանում նոր քաղաքական համակարգի հիմնարար խնդիրներից մեկն էլ հենց խոշոր բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է:

Անշուշտ, խոշոր բիզնեսը չի կարող չունենալ հետաքրքրություն և շարժառիթներ քաղաքական դաշտում, բայց հենց այդ հանգամանքն առավել ևս անհրաժեշտ է դարձնում հնարավորինս հստակ և խիստ ֆորմալ տարանջատման մեխանիզմների առկայությունը, որպեսզի քաղաքականությունը պաշտպանվի խոշոր բիզնեսի մոտիվացիաներից աղավաղվելու լուրջ վտանգից:

Բանն այստեղ ամենևին Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն չեն, այլ երևույթն ինքնին: Երբ կա քաղաքականության հետ սերտաճման բաց և ազատ ճանապարհը, ամեն ինչ մնում է արդեն հանգամանքներին, իսկ դա արդեն լրիվ սուբյեկտիվ մի դաշտ է, որտեղ մի խոշոր գործարարի կամ սեփականատիրոջ համար հանգամանքները կարող են թելադրել մի վարքագիծ, մյուսի համար՝ այլ: Իսկ քաղաքական համակարգի զարգացումը չի կարող կառուցվել հանգամանքների վրա, քաղաքական կանոնների մշակումը չի կարող հենվել հանգամանքների վրա: Այն պետք է կառուցվի օրենսդրական դաշտում և ինստիտուցիոնալացվի հենց այդպես:

Ըստ այդմ՝ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճում թույլ չտալու, տարանջատման հարցը սկզբունքորեն լուծելու, հետևաբար թե՛ քաղաքականությունը, թե՛ խոշոր սեփականատերերին հանգամանքների անկանխատեսելի ազդեցությունից եթե ոչ ամբողջապես, ապա գոնե առավելագույնս զերծ պահելու համար պահանջվում են օրենսդրական լուծումներ, որոնք պետք է լինեն նոր խորհրդարանի գերակա, առաջնահերթ անելիքների շարքում: Դրանք, անշուշտ, պետք է ենթադրեն նաև սեփականության անձեռնմխելիության, պաշտպանության հստակ մեխանիզմների օրենսդրական ամրագրում:

Գործնականում, խոսքը Հայաստանում համակարգային ռեֆորմացիայի օրենսդրական հիմքի մասին է, առանց որը գցելու, խորհրդարանն անկարող է լինելու կառուցել երկարաժամկետ որևէ բան:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am