Կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության այս տարվա առաջին նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է լուծարել Սփյուռքի նախարարությունը:

«Ընդհակառակը, տվյալ դեպքում խնդիրը շատ հստակ է ձեւակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները եւ գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ եւ հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության եւ կոնսենսուսի:


Մեր խնդիրն այստեղ հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է»,-հայտարարեց Փաշինյանը: