Հունվարի 4-ին Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում մահացած Մարի Միքայելյանի հայրը՝ Սարգիս Միքայելյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժշկուհուն՝ Հասմիկ Խաչատրյանին: Ըստ նրա, երեխան նորմալ չի հետազոտվել եւ վերջին երեք ամիսն անընդհատ չբուժվող հազ է ունեցել: «3 ամիս երեխան իրենց հսկողության տակ է եղել, հազ ուներ, տանում էինք իրանց մոտ, ասում էին՝ բրոնխներն են, դրա դեմ էին բուժում, դուրս էին գրում, հետո էլի կրկնվում էր, դեղ էին նշանակում, հետո նորից Մարիին տանում էինք հիվանդանոց: Այսինքն, չբուժված ամեն անգամ մենք երեխային տուն ենք տարել: Բայց երբեք, որեւէ անգամ չեն ասել, որ երեխան թոքաբորբ է»:

Վերջին անգամ 5 ամսական Մարի Միքայելյանը վատացել է ընթացիկ տարվա հունվարի 4-ին: Ժամը 11:00-ին ծնողները երեխային տարել են Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ փոքրիկին զննել է մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանը: «Ինքը մեզի ըսավ՝ անհանգստանալու ոչ մի բան չկա, վիրուս է, կանցնի, կոկորդն է թեթեւըմ կարմրած, անհանգստանալու հեչ մե բանմ չկա: Դրանից հետո գնացել է Երեւան, ու մենք էդ ընթացքում էլի իրա հետ կապի մեջ ենք եղել, որովհետեւ երեխեն շատ վատ էր»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց մահացած երեխայի հայրը:

Ըստ Սարգիս Միքայելյանի, Երեւանում գտնվող բժշկուհին նաեւ նշանակում է արել, Նուրոֆեն ու Նազիլոկ տեսակի դեղամիջոցներ օգտագործելու ցուցում է տվել: Երեխան, սակայն, գնալով վատացել է:

«5-6 ժամ հետո ավելի վատ էր Մարին: Մենք իրան զանգել ենք, կսենք՝ երեխեն կտքա, կըսեր՝ տաքություն ունի, բայց երեխեն պաղ էր ու կտքար, կըսե՝ր գոլ ջրով շփեք ջանը, կանցնի, հեչ բան չկա: Մենք չլսեցինք իրան ու էլի տարանք երեխին հիվանդանոց»,- պատմեց Սարգիսը:

Ըստ նրա, երեկոյան, երբ փոքրիկին կրկին տարել են Ավստրիական մանկական հիվանդանոց, վերջապես երեխայի թոքերը ռենտգեն են արել: Մինչ այդ, ըստ ծնողի, նման հետազոտություն չի կատարվել: Ռենտգենից մոտ 10 րոպե անց, ըստ Սարգսի, Մարին մահացել է:

«Վերջին անգամ, որ իրիկունը տարանք, շատ վատ վիճակով, էդ ժամանակ էրեցին ռենտգեն, բայց մեզի հեչ բան չըսեցին, դաժե մեզի ռենտգենի թուղթը չտվեցին, որն իրանք պարտավոր էին տալու, մենք պահանջեցինք, չտվեցին, էպիկրիզ չտվեցին մեզի, ըսեցին՝ դատական ճանապարհով վերցրեք: Հետո դատաբժիշկը նայեց, պարզեց, որ թոքաբորբ է: Որ երեխուն մտցրին ռենտգեն, դեպքից 5-10 րոպե առաջ, էդ ժամանակ բժշկուհին զանգեց կնոջս, թե թոքերը նկարել են, լրիվ մաքուր է, ես քեզի կսեի, որ մաքուր է, հեչ բան չկա, կսեր՝ էս երեխեն ըսպես բաների միջով է անցել, ըսիգ ինչ է, որ չանցնի: Մի անհանգստացեք, հեչ բան չկա: Թեկուզ որ նկարել են էլի, մենք կնայենք, կհասկնանք, որ երեխու վրա թոք չկա, սաղ թարախ է, ինքը ինչ գուզեր պահած եղնիր, որ կսեր՝ նկարել են, թոքերը մաքուր են: Մեկ կմտածեմ, թե միտումնավոր էր, մեկ կմտածեմ, թե թերացումներից էր, ես չեմ կարա հասկանամ, թե ինչ է: Ինչղ կնայեմ, իրանց մոտ թերացում է, ամբողջը կատարվել է իրանց հիվանդանոցում»:

Մահացած երեխայի հայրը՝ Սարգիս Միքայելյանը, պահանջում է բժշկուհի Հասմիկ Խաչատրյանին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն այս պահին ասելիք չունի: «Ես ասելու բան չունեմ, դատաբժշկական փորձաքննությունը մինչեւ չավարտվի, որեւէ նորություն ասել չեմ կարող»: Աշոտ Կուրղինյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե երեխան ի՞նչ ախտորոշում է ունեցել ընդունման պահին, եւ ինչո՞ւ է ծնողը բժշկին մեղադրում թերացումների մեջ: «Ամեն ինչ պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքների պարզ լինելուց հետո»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեխայի մահվան դեպքով ծնողը Ոստիկանության Կումայրու բաժին հաղորդում էր ներկայացրել հունվարի 5-ին, որից հետո ՀՀ Քրեական դատավարության 180-181 հոդվածներով սահմանած կարգով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, այն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն։ Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com