Ֆեյսբուքի հայկական հարթակում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, որ Արամ Mp3-ն իշխանության ներկայացուցիչների հետ սերտ հարաբերություններ ունի և ելնելով այդ հանգամանքից ծառայությունն անցկացնելու է Մուրացանի զինվորական հոսպիտալում։

 Armdaily.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բժիշկների բանակ զորակոչվելը հարաբերական է, բժիշկը գնում է ծառայելու կոնկրետ բուժհաստատությունում։ «Ինքը զորակոչվում է որպես բժիշկ։ 2 երեխաների հայր է, 35 տարեկան, եթե սովորական զորակոչով զորակոչվելու լիներ, ապա չէր զորակոչվի»,- նշեց Հովհաննիսյանը։ Հարցին՝ արդյո՞ք Մուրացանում է ծառայությունն անցկացնելու, Հովհաննիսյանը նշեց․ «Եթե անգամ զորակոչվի հենց Մուրացան՝ ելնելով իր մասնագիտությունից, դա դեռ չի նշանակում, որ ինքը ծառայության ողջ ընթացքը մնալու է Մուրացանում։ Մեր ռազմական բժիշկները որպես կանոն, եթե մի տեղ տարվում են, շատ ակտիվորեն գործուղումների մեջ են լինում և ծառայության բնույթից ու անհրաժեշտությունից ելնելով տարբեր տեղերում են լինում»։ Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Արամ Mp3-ն զորակոչվելու է այն ժամանակ, երբ կզորակոչվեն բժիշկները․ «Սովորաբար դա լինում է զորակոչի վերջին փուլում»։