Սոֆի Դևոյան կրտսերը հունվարի 1–ին դարձել է 17 տարեկան։ Այս տարի Սոֆին տարեդարձը տոնել է Թաիլանդում, որտեղ էլ ընտանիքի հետ նշել է Նոր տարին։ Երիտասարդ դերասանուհին Tert.am Life–ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել, թե ինչպես է տոնել 17–ամյակը։

«Փոքր–ինչ անսովոր Նոր տարի էր, քանի որ առաջին անգամ էինք տաք երկրում դիմավորում այն։ Շատ լավ ժամանակ անցկացրինք։ Վայելեցինք ամառային հանգիստը։ Ամանորի գիշերն էլ շատ ուրախ անցավ։ Ես Ամանորի գիշերն եմ ծնվել։ Մեր ընտանիքում սովորություն է դարձել, կեսգիշերին Նոր տարին ենք շնորհավորում, 10 րոպե անց` իմ ծնունդը»,– ասաց Սոֆին ու հավելեց, որ հունվարի 1–ի երեկոյան էլ հատուկ իր տարեդարձն են նշել։

Պարուհու 17–ամյակը տոնել են նավի վրա։ «Երեկոյան գնացինք նավի վրա ընթրելու։ Մեզ հետ էին նաև մեր ընտանիքի բարեկամները։ Միասին էինք մեկնել Թաիլանդ։ Շատ լավ ժամանակ անցկացրինք։ Մի քիչ տխուր էի, որ ընկերներիցս հեռու եմ, բայց հնարավոր է` այստեղ էլ հավաքույթ կազմակերպենք և ընկերներիս հետ էլ տոնեմ ծնունդս»,– ասաց Սոֆին։

Տարեդարձն ու Ամանորը Սոֆին դիմավորել է արծաթագույն շքեղ զգեստով, որը վաղուց էր ուզում կարել, սակայն ցանկությունն այնքան է հետաձգվել, որ հասել է Նոր տարվան։ Նավի վրա ընթրիքի համար Սոֆին այլ ոճ է նախընտրել։

Տորթի մոմերը փչելիս Սոֆին, անպայման, երազանք է մտապահում, սակայն այն չի բացահայտում, որպեսզի իրականանա. «Այս տարի առանձնահատուկ երազանքն եմ մտապահել, որը տարբերվում է նախորդ տարիների երազանքներիցս։ Հուսով եմ` կիրականանա»։

Երիտասարդ դերասանուհին ընտանիքից դեռ նվեր չի ստացել։ Ասում է` չի կողմնորոշվել, թե ինչ նվեր է ուզում։ Երեկ նրանք վերադարձել են Երևան։ Տարեդարձից օրեր անց էլ Սոֆին շարունակում է նվերներ ստանալ։ «Կան մարդիկ, որոնք ինձ ամեն տարի նվերներ են մատուցում` անկախ նրանից տարեդարձս տոնո՞ւմ եմ, թե՞ ոչ»,– նկատեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://life.tert.am/am/news/2019/01/10/sofi/55033?fbclid=IwAR3F72RljjxtHXYB9aUvYAlr6n1joV1eiVdSgUKRaLJjQ9I5QD9y1AoNp68