Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն, ինչ կարող էի անել, ես կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ վերադառնամ առողջապահություն, անեմ այն ինչը որ շատ–շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես տխուր չեմ, հուզմունքը բնական է։ Ես միշտ հանդես եմ եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, որը իր 70 տարիների 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը եւ ծրագրերի զարգացմանը։ Ես հետեւելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը։ Ես վերջին անգամ, երբ Արցախում էի, նշեցի, որ պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում ես չեմ լինի պետական պաշտոնյա»,-ասաց Բաբլոյանը:


Անդրադառնալով լրագրողների հետ աշխատանքին, նա ասաց. «Ինչպես բոլոր ոլորտներում, լրագրողների մեջ էլ կան լավ եւ վատ աշխատողներ։ Դրա համար էլ ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ միասին ինչ–որ տեղ կոլեգաներ ենք, եւ երբ որ մարդիկ ունեն հոգական խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որպեսզի ստանան համապատասխան օգնություն։ Լրագրողները կարող են հոգեկան եւ հոգեբանական հանգստություն առաջացնել կամ ընդհակառակը ալեկոծություն բերել։ Դրա համար ես գտնում եմ, որ չի կարելի ընդհանրացնել։ Դրա համար ես համեմատեցի, որ լրագրողները կոլեգաներ են»:

Հարցին,թ ե ի՞նչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ամեն դեպքում շարունակել գուցե նույնիսկ էլ ավելի նոր հնարավորություն գտնել զարգացնելու խորհրդարանի գործունեությունը։ Կարծում եմ, որ մենք որոշակի ձեռագիր թողեցինք։ Ամեն դեպքում 6–րդ գումարը ցույց տվեց ժողովրդավարության այն մոտեցումները, որոնեք ձեզ հետ միասին ամրագրել էինք։ Խորհրդարանը այն հայելին է, եւ քաղաքական եւ հասարակական եւ պետական բոլոր այն փոփոխությունների, որոնք ակնկալում ենք մեր երկրում»:

Նշենք, որ այսօր՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ: