«Արամ Սիմոնյանը փաստեր չի ներկայացնում: Նա մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած «մեղադրանքներին», ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու են՝ հավելելով, որ դեռ «խայտառակ փաստեր կան, որոնք իրավապահ մարմինները կներկայացնեն»:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։ Ըստ նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սիմոնյանն այս մեղադրանքը համարում է դեկլարատիվ, անապացուցելի:

Սիմոնյանը նաև պնդում է՝ ծամծմված թեզը, թե Մայր բուհը քաղաքականացված է, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ ճիշտ է, ինքը եղել է Հանրապետական, բայց կուսակցական գործունեությամբ զբաղվել է միայն աշխատանքային ժամերից դուրս ու թույլ չի տվել, որ մյուսները ևս զբաղվեն քաղաքականությամբ ԵՊՀ-ի ներսում, որովհետև դա արգելված է օրենքով: