ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է շաբաթներ առաջ մամուլի տեղեկությունը, թե նա կաշխատի Դավիթ Հարությունյանի նորաստեղծ իրավաբանական գրասենյակում:

Արփինե Հովհաննիսյանը ասել է, թե փաստաբանական կրթություն ունի, բայց արտոնագիր չի ստացել եւ հավանաբար կվերցնի ու կզբաղվի փաստաբանությամբ:

Նա միաժամանակ ասել է, թե չի կտրվի հանրային քաղաքականությունից եւ դրա մեջ մնալու համար կան որոշ նախագծեր, բայց առայժմ չի բացի փակագծերը:

Լրագրողները չեն հարցրել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Արփինե Հովհաննիսյանը այլեւս չի ցանկանում հանրային քաղաքականության մեջ մնալ ՀՀԿ «նախագծի» ձեւաչափով, թե՞ նախագծերը ՀՀԿ գործունեության ծիրում են:

Մյուս կողմից, հազիվ թե հնարավոր լինի ռացիոնալ դիտարկել փաստաբանական, իրավաբանական գործունեությունն ու ծառայության մատուցումը ՀՀԿ կուսակցականի կարգավիճակում:

Բոլոր դեպքերում, հետաքրքիր է՝ Հովհաննիսյանը եւ՞ս ծրագրում է հեռանալ կուսակցությունից: Օրերս հեռանալու դիմում գրեցին Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը, որոնք հայտարարել են մեդիաոլորտում գործունեություն ծավալելու մասին: Ի տարբերություն նրանց, Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ կազմում մասնակցեց խորհրդարանի ընտրությանը: Ֆարմանյանն ու Հակոբյանը ոչ միայն չմասնակցեցին, այլ նույնիսկ նրանց մասնակցությամբ քառյակի հայտնի հայտարարությունը եղավ՝ որ չեն ուզում մասնակցել կեղտոտ խաղին եւ թող չփորձեն անգամ զանգել իրենց:

Իհարկե այդպես էլ հստակ չեղավ, թե հատկապես ինչ խաղի մասին էր եւ արդյո՞ք մյուս կուսակցական ընկերները փաստորեն մասնակցում էին այդ վատ խաղին, եւ ո՞վ էր, որ կարող էր զանգել, բայց հորդորում էին անգամ չփորձել:

Բոլոր դեպքերում, թեեւ ընտրական գործընթացի հանդեպ տարբեր դիրքորոշումներով, բայց արդյո՞ք Արփինե Հովհաննիսյանն էլ է պատրաստվում հետեւել նրանց օրինակին, դուրս գալ կուսակցությունից: Երեւի ավելորդ է խոսել Դավիթ Հարությունյանի մասին, որը ընտրական գործընթացին մասնակցեց շտաբի պետի կարգավիճակով, չմտնելով ցուցակ:

Մամուլում շաբաթներ առաջ եղած հրապարակումից գրեթե անմիջապես հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցցանցում լուսանկար հրապարակեց Սեւանի ցրտաշունչ ափից: Լուսանկարում ինքն էր, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը:

Բանն այն է, որ մամուլի հրապարակումը՝ իրավաբանական գրասենյակի ստեղծման մասին, հիմք էր տալիս ենթադրելու, որ հավանաբար այդպիսով կուսակցությունից հեռացող գործիչները պարզապես չեն ցանկանում լինել Վիգեն Սարգսյանի կուսակցական ղեկավարության ներքո: Արմեն Աշոտյանի հրապարակած լուսանկարը հավանաբար ուներ նպատակ ցույց տալու, որ Սարգսյանի հետ չկա որեւէ խնդիր եւ հարաբերությունը շատ ջերմ է:

Սակայն խիստ խորհրդանշական էր, որ ՀՀԿ այդ ջերմությունը ցուցադրվում էր Սեւանի սառնաշունչ ափին արված լուսանկարով, թերեւս ակամայից խորհրդանշելով առերեւույթ ջերմության ներքին սառնությունը:

Առաջիկայում սպասվում է ՀՀԿ համագումար եւ կա տարածված կարծիք, որ Սերժ Սարգսյանն այդ համագումարում կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից եւ այդ պաշտոնը կմնա Վիգեն Սարգսյանին: Իսկ Վիգեն Սարգսյանի նախագահությունը ՀՀԿ-ում չի ընկալվում եւ ընդունվում: Օրինակ, դրա վկայություն էր նախօրեին Lragir-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե ղեկավարի հարցում չի կարող լինել Սերժ Սարգսյանի հեռանալու խոսք, նրան քաղաքականությունից դուրս դնելու խոսք:

Ըստ երեւույթին ամեն մի ՀՀԿ-ական յուրովի է մերժում Վիգեն Սարգսյանին:

Կամ ՀՀԿ-ն ընտրել է առաջիկա շրջափուլում գործունեության յուրահատուկ մարտավարություն, այսպես ասած ապակենտրոն, երբ կուսակցությունը բաժանվում է ամենատարբեր մասերի եւ «պրոֆիլների», հավանաբար գնահատելով, որ ինչ էլ արվի՝ ՀՀԿ բրենդը այսպես ասած ջնջում է ամեն ինչ, «ջուրն» է գցում որեւէ էֆեկտ, հետեւաբար պետք է բաժանվել տարբեր նախագծերի, իսկ Վիգեն Սարգսյանը հավանաբար կշեղի ուշադրությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am