Գեներալ Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանավորելու պահանջով դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած քաղաքացիներին է հանդիպել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա փորձեց բողոքող քաղաքացիներին համոզել բացել ճանապարհը, սակայն նրանք անդրդվելի են։

«Լուրջ փոփոխություն եղավ, երբ Մանվելին ձերբակալեցին, եւ հիմա երբգ իրեն բաց են թողնում, ես չեմ դու ես, էլի բոլորիս մոտ վախ կա, բոլորիս կթալանի էդ 25 միլիոնը կտա, դուրս կգա։ ձուկը գլխից բռնել եք, բռնեք, մի բաց թողեք։ Հանրապետականներին դատեք, մեզ թալանել են 20 տարի, շուտ դատեք, երեկ դատեք։ Պառկել եմ ասֆալտին, որ դու լինես իշխանություն, որ իմ հարցը լուծես»,–ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով պատգամավորին։


Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ սա պայքարի ձեւ չէ, քանի որ սրանով այլ քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում։

«Ժողովուրդ ջան սա պայքարի ձեւ չի, սրանով մենք Մանվելի դեմ չենք պայքարում, մենք սրանով մեր քաղաքացիներին, հարազատներին, բարեկամներին ենք խանգարում»,–ասաց Հայկ Սարգսյանը։

Նա բողոքող քաղաքացիներին առաջարկեց քայլերթով գնալ Էջմիածնի հրապարակ եւ անտեղ հանգիստ քննարկել ստեղծված իրավիճակը, ինչին ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: