Yelaket.am-ի զրուցակիցն է Անի Քոչարը, ով մեզ հետ կիսվեց կյանքի մարտահրավերների, հավատի, երջանկության և կորցրած սիրո մասին:

 -Դուք շատերի համար ուժեղ կնոջ իդեալ եք: Ինչպե՞ս եք պայքարում կյանքի մարտահրավերների,առավել ևս 21-րդ դարի <<ժանտախտի>> դեմ:

- Հաճելի է լսել, որ շատերի համար ուժեղ կնոջ իդեալ եմ, բայց անձնապես ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ երջանիկ և անհոգ կնոջ օրինակ լինել: Բայց դե, ամենքիս մի առաքելություն է տրված այս կյանքում, գուցե իմն էլ դա է, ո՞վ գիտի: Հոժարությամբ տանում եմ, և որ ամենակարևորն է, փորձում եմ բոլոր տեսակի փորձություններից և դժվարություններից չչարանալ, չհեռանալ Աստծուց և արժանապատվորեն հաղթահարել ամեն մի խնդիր, անգամ, եթե խոսքը սարսափելի մի հիվանդության մասին է:
Որևէ պայքար հեշտ չէ և որևէ դժվարություն հաղթահարելը խաղուպար չէ, բայց դե, ամեն ոք ունի այս կյանքում իրեն բաժին հասած <<ցավը>>: Մեզ երբեմն թվում է, թե միայն մենք ունենք խնդիրներ, բայց իրականում դա այդպես չէ, ամեն մեկն ունի իր խաչը, որը կրում է և ամեն մեկին թվում է, թե իր կրածն ամենածանր խաչն է:

-Ապրում եք Գերմանիայում: Մշակութային տարբերություններն օգնու՞մ, թե՞ խանգարում են Ձեզ:

- Մշակութային տարբերությունները և ազգային հոգեկերտվածքը բոլորովին այլ է և ոչ միշտ հոգեհարազատ, իսկ ահա, աշխատելաոճս շատ նման է նրանց, այդ իսկ պատճառով երբևէ գործնական խնդիրներ չեն ծագել: Ինքս էլ մշտապես եղել եմ չափազանց պարտաճանաչ, պատասխանատու, կարգապահ և խստապահանջ: Հայաստանում ունեի աշխատակիցներ, ովքեր կատակով ասում էին, թե կարծես գերմանացի լինեմ: Փաստորեն՝ արդյունքում հայտնվեցի ինձ <<հոգեհարազատ>> մի վայրում: Սակայն որքան էլ ինձ օտար չեմ զգում այստեղ, ամեն բան օտար է ինձ: Ես իմ Հայրենիքից այն կողմ ոչինչ չեմ զգում , և ամեն տեղ լավ է միայն զբոսաշրջիկի կարգավիճակում, իսկ մեր տունը, մեր հարազատ օջախը միայն ու միայն մեր երկիրն է:

Կարծում եք՝ հավատը քաջալերո՞ղ ներշնչանք է:

- Եվ հավատը, և հավատքը քաջալերում են, իմաստավորում պայքարդ և ապրելդ, առանց այդ զգացումների անիմաստ կլինի որևէ բան: Եթե հավատ չկա վաղվա օրվան, որ լավ է լինելու և կամ չունես հավատք, որ Տերը գիտի, թե ինչո՞ւ է այդ ամենը հենց քեզ հետ պատահում, ապա անտրամաբանական և անհեթեթ կյանք է ստացվում: Ես չեմ պատկերացնում կյանքն առանց հավատի:

-Ի՞նչն է մեր ժամանակների՝ մարդկային մենության ու ստորացման պատճառը:

- Շատ բարդ հարց է. պատճառները բազմաթիվ են, նյութականից մինչև հոգևոր անկում: Ըստ իս՝ մեր օրերում առավել շատ հոգու սով է:Մարդիկ չափից դուրս նյութապաշտ, շահամոլ և առարկայապաշտ են դարձել, հեռացել հոգևոր արժեքներից, մոռացել հոգեկան խաղաղության կարևորության մասին: Մարդիկ հեռացել են բնականից. ամենակարևոր բաները նրանց այլևս կարող են չուրախացնել, բայց ահա, նյութական աննշան կորուստներից կամ անհաջողություններից մեծ դրամա են ապրում:

-Գրողներից մեկն ասել է,որ երջանիկ լինելն իրեն չի հետաքրքրում: Գերադասում է սիրահարված ապրել, իսկ դա վտանգավոր է, որովհետև երբեք չես կարող իմանալ, թե առջևում ի՞նչ է սպասվում:

- Այսպես, թե այնպես որևէ մեկս չգիտենք, թե ինչ է սպասվում և կամ հաջորդ վայրկյանին ինչ կպատահի մեզ հետ կամ մեր շրջապատի հետ: Այդ իսկ պատճառով պետք է ապրել և վայելել, գնահատել մեզ տրված ամեն մի ակնթարթը: Եվ ապրել ոչ թե այն սկզբունքով, որ կյանքը մի անգամ է տրված՝ ինչ ուզեմ անեմ, այլ որ տրված է գնահատելու, աստվածահաճո ապրելու և վայելելու այնպես, որպեսզի պատուհաս չդառնաս թե ինքդ քեզ համար, թե այլոց համար: Երջանիկ ապրելը և գոհանալը շատ կարևոր հատկանիշ է, իսկ դե սիրելը կամ սիրահարվելը՝ մեծ զգացում, որ ոչ բոլորին է տրված: Շատերը կիրքը ընդունում են որպես սեր և կործանում իրական զգացմունքները:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է տղամարդը դավաճանում:

- Մարդու էությունից է կախված և ամենևին կապ չունի, թե որքանով է լավը դավաճանի կինը կամ որքանով է գեղեցիկ: Բազմաթիվ անխելք տղամարդիկ կան, ովքեր չեն նկատում իրենց կնոջ իրական արժանիքները և անտեսում են նրան, փոխարենը՝ կապ հաստատում մի անարժանի հետ: Ես որ մեկ րոպե ավել չեմ մնա դավաճանի կողքին, բայց դե դա յուրաքանչյուր կնոջ ընտրությունն է: Ամեն ոք իր կարծիքն ու պատկերացումներն ունի:
Տանել չեմ կարողանում տղամարդկանց, ովքեր ամուսնացած են, կին ունեն և ընտանիք, բայց փորձում են քեզ հետ կապ հաստատել, որպես դժբախտ և անհաջողակ ամուսին ձևանալ, պնդել, որ ամուսնալուծված են և կամ այդ գործընթացի մեջ: Նրանք բավական չէ մեղք են գործում, և դեռ մի հատ էլ քեզ են ակամա ներքաշում մեղքի մեջ, մի բան, որ աններելի եմ համարում և շատ վախենում նման խղճուկներից: Նմանների թակարդն ով ասես, որ չի ընկնի: Այդ իսկ պատճառով՝ շատ դժվար է վստահելն ու հավատալը:

-Իսկ կինն ինչո՞ւ է դավաճանում:

- Կնոջ դավաճանությունն ինձ համար շատ ավելի սարսափելի մի բան է, քանզի մայր գաղափարի պատկերացումներիս մեջ դա չի տեղավորվում: Ավելի լավ է բաժանվել , եթե երջանիկ չես և կամ չես սիրում այդ մարդուն, քան շարունակես մնալ ամուսնացած և երկակի խաղ խաղաս: Տհաճ երևույթ է: Վերջերս եղբայրներիցս և մտերիմ ընկերներիցս լսում եմ, թե Հայաստանում որքան են փոխվել բարքերը և որ շատ ամուսնացած կանայք անպարկեշտ կյանքով են ապրում: Ցավում եմ շատ, չէի ուզի, որպեսզի մեր կանայք նույնպես բարոյալքվեին:

-Մի՞թե հնարավոր է <<ճիշտ>> տղամարդու սիրել:

- Իսկ ինչ ասել է <<ճիշտ>> տղամարդ. չկա նման բան, ինչպես որ առհասարակ չկա ճիշտ կամ սխալ մարդ: Ամեն մեկն իր պատկերացմամբ ճիշտ է, կամ ապրում է ճիշտ, ընտրում է ճիշտ մարդու, բայց կյանքը միայն ցույց կտա, թե ով կամ ինչն էր ճիշտ կամ սխալ: Եվ հետո, շատ անհատական է: Միևնույն տղամարդը կարող է մի կնոջ համար իդեալ լինել, և մեկ ուրիշ կնոջ համար անարժան մեկը: Այնպես որ շատ հարաբերական է: Ես՝ ինքս, երբ նայում եմ շուրջս, հաճախ չեմ պատկերացնում, թե այս կամ այն կինը ինչպես է ապրում նման մի տղամարդու հետ: Ես մեկ ժամ չէի դիմանա, բայց արի ու տես, որ այդ կինը բավականին էլ գոհ է իր ընտրությունից, այնպես որ որքան մարդ, այնքան կարծիք: Ես որ չեմ սիրում պարտադրել իմ տեսակետը, եթե մարդը երջանիկ է, թող որ երջանիկ լինի, թեկուզ և իմ չպատկերացրած հարաբերություններում:

-Երբևէ կգնա՞ք կորցրած սիրո հետքերով:

- Այո, ինչու ոչ, բայց շատ ավելի կուզեի, որ կորցրած սերը կրկին գտներ ինձ: Վստահ եմ, որ այն, ինչն իմն է, կվերադառնա, կամ նա, ով վիճակված է, ուշ թե շուտ կրկին կլինի իմը: Իսկ եթե ոչ, ուրեմն սահմանված չէր: Նման բաները թողնում եմ Տիրոջ կամքին, ինքս ակտիվ չեմ նման հարցերում և որևէ քայլ չեմ ձեռնարկում: Ոչ փնտրում եմ և ոչ սպասում, իրական սերն ինքը կթակի դուռս:

-Խանդը միջակությա՞ն,թե՞ սիրո նշան է:

- Իմ կարծիքով՝ ոչ միջակության, և ոչ էլ սիրո, ավելի շատ մարդու բնավորության, խառնվածքի և հոգեբանության խորքերից եկող մի զգացում է, որը շատ դժվար է արմատախիլ անել: Ինքս՝ լինելով բավականին կայացած , ինքնաբավ ու ինքնավստահ կին, սարսափելի խանդոտ եմ: Կար ժամանակ, որ անգամ ընկերներիս էի խանդում, կամ տղաների, որոնց նկատմամբ ունեի 0 զգացմունք, բայց եթե թեկուզ տարիներ հետո մեկ ուրիշի հետ էի տեսնում, խանդում էի :Աննորմալ մի զգացողություն է, որի դեմ պայքարում եմ, քանզի այդ բնավարությունը խանգարում է հանգիստ ապրելուն:

-Ինչի՞ մասին է պատմում Ձեր սիրած կինոն:

- Ինքս կինոման եմ, չափազանց շատ եմ սիրում դիտել ֆիլմեր կյանքի, կյանքի փիլիսոփայության և սիրո մասին: Իմ սիրած ֆիլմերը պատմում են այս աշխարհի մասին` լավ թե վատ, կատարյալ թե անկատար. այս աբսուրդ կյանքի, որի մասին եթե շատ ես մտածում, խենթանում ես, և սիրո՝ մի շարժիչ ուժի, որը շատերին ապրեցնում է, բայց և շատերին կործանում:

-Ո՞ր արմատացած սխալն եք կարողացել ուղղել:

- Ժամանակին դժվար էի ներում կամ առհասարակ չէի ներում. դա սխալ է, քանզի անսխալական մարդ չկա և անթերի չենք ոչ մեկս: Այժմ շատ ավելի թեթեևացած եմ ապրում, քանզի բոլորին ամեն բան ներել եմ: Ներել, ինձ համար դեռևս չի նշանակում ընդունել մարդուն կրկին և կամ վերաբերվել, ինչպես նախկինում, սակայն, երբ ներում ես, կարծես սրտիցդ մի մեծ բեռ ընկնի և ավելի հանգիստ շնչես ու ապրես:

-Կինը կարո՞ղ է ֆանտաստիկ ստեղծագործել:

- Վստահաբար. կինն ինքը տեղով ֆանտաստիկ մի ստեղծագործություն է:Աստված կնոջը ստեղծելով ՝ նրա մեջ այնքան գույն, զգացումներ ու կարողություններ է ամփոփել, որ ապշել կարելի է:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

- Հայաստանից հեռանալու: Թեև այդ պահին որպես մարդ և կին այլ կերպ չէի կարող վարվել, բայց կարծում եմ, որ իմ կյանքի բոլոր դժբախտությունները հենց այդ պահից սկսած են եղել: Ես՝ առանց Հայաստանի, մի տեսակ որբացած եմ ինձ զգում:Դժվար է որբ լինելը:
Արտերկրում ապրողներից բոլորը չէ, որ ինձ հասկանում են, քանզի շատերի համար լավ է այնտեղ, որտեղ կուշտ են, բայց ինձ համար այդպես չէ և միայն բարեկեցիկ ապրելը երջանկության գրավական չէ:
Ինձ համար շատ ավելի կարևոր արժեքներ և զգացմունքներ կան: Ինձ համար մեծ ցավ է տեսնել, որ որդիս իջնում է բակ և մի հայ երեխա չկա, իր տեսակը չկա, որ հետը խաղա, խոսի իր մայրենի լեզվով և կամ իրեն հոգեհարազատ թեմաներից խոսի: Եվ սա ընդամենը մի օրինակն էր:
Եթե անկեղծ, ապա շատ բաներ կա, ինչի համար ափսոսում եմ, սակայն չեմ ցանկանում ինձ համար այս ցավոտ թեմայի մասին խոսել: Շաատ անձնական է…

-Ինչո՞վ է այսօր հպարտանում Անի Քոչարը:

- Հպարտանում եմ իմ անցած դժվարին ճանապարհով և իմ ձեռք բերած անվամբ, որ այսօր էլ` հայրենիքում չլինելով՝ ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում այն մասին, որ մարդիկ սպասում են ինձ, որ կարոտում են, որ վստահ են, որ իմ տեղը Հայաստանում է և որ ինձ պես մարդկանց կարիքը շատ ունեն.դա ինձ մեծ ոգևորություն և ուժ է տալիս: Հպարտանում եմ իմ կրթությամբ, որն այստեղ էլ ավելի կատարելագործեցի ու կարողանում եմ ինձ համար հոգեհարազատ աշխատանքներ կատարել և ստիպված չեմ անելու աշխատանքներ, որոնք իմ սրտով չէին լինի: Հպարտանում եմ իմ որդով և ընտանիքով. հիանալի ծնողներ և քույրեր ունեմ: Հպարտանում եմ իմ հայրենակիցներով, ծանոթ թե անծանոթ, այնքա՜ն սեր և ուժ փոխանցեցին ինձ վերջին ամիսներին, որ ասելու չէ:
Եվ վերջապես՝ հպարտանում եմ իմ պաշտած Աստծով, ով ինձ ապրեցնում և կյանք է շնորհում:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=47156&l=am