Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատարանը միեւնույն ժամանակ կքննի նաեւ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:


Նշենք նաեւ, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների եւ քննիչի միջնորդությունը բավարարելուց եւ ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: