ԱԺ 3-րդ փոխխոսնակի ԼՀԿ-ի թեկնածուին ներկայացնելու ժամանակ, արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի դիտարկումներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չեն վիճարկում ԲՀԿ-ի՝ մեծությամբ քաղաքական 2-րդ ուժը լինելու հանգամանքը, վիճարկում են այլ հարց. «Մենք ասում ենք, որ մեր ներկայացրած թեկնածուն, ընդդիմադիր տեսլականի շրջանակներում, կլինի ավելի լավը, քան ձերը, սա է, ոչ մի անձնական բան ու էս առումով մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրանք են որոշելու, կռիվն ու պատասխանատվության բեռն իրենց վրա է»,- ցույց տալով ԱԺ դահլիճին՝ շարունակեց Մարուքյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Մյուս անգամ իմ խոսալու ժամանակ տեղից չմիջամտեք: Ես հարգալից ձևով եմ դիմել, ասել եմ՝ «իրանք», այսինքն՝ ԱԺ մեծամասնությունը, էդ ո՞նց ա որ մենակ Դուք վիրավորվեցիք...»: Այնուհետ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ «եթե ես լինեի իշխող ուժի ղեկավարը, ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկութունը ազատ կթողնեի»:

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Իմ քայլը» հայտարարել էր ԲՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկելու մասին: