Գուցե հնչի տարօրինակ, սակայն նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին, որ տեղի ունեցավ հունվարի 14-ին, քաղաքական առումով ամենահիշարժան իրադարձությունը, թերևս, նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն էր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հանդիսավոր նիստում: Ավելին, հնարավոր է ասել, որ Սարգսյանը սահմանեց խորհրդարանի աշխատանքի որոշակի բարձր քաղաքական նշաձող, որով առնվազն առաջիկա շրջանում հնարավոր է չափել նոր Ազգային ժողովի քաղաքական բովանդակության աստիճանն ու կարողունակությունը, համադրելով առաջիկա օրերի և շաբաթների աշխատանքը խորհրդարանի գործի մեկնարկին Արմեն Սարգսյանի հնչեցրած բովանդակության և սահմանած նշաձողերի հետ:

Դրանք բավականին հստակ էին. Հայաստանի խնդիրները չեն սահմանափակվում միայն ներքին տարածությամբ, ըստ այդմ՝ դրանց լուծումների դիտարկումը ևս չի կարող սահմանափակվել Հայաստանի ներսով: Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը փոքր պետություն լինելով՝ համաշխարհային ազգի հայրենիք է, պետություն, ըստ այդմ՝ դրա խնդիրների լուծումը ներառում է համաշխարհային շրջանակ՝ իր բազմազանությամբ, որի կրողն է նաև հայ ժողովուրդը: Դրանով նաև նախագահ Սարգսյանը սահմանեց նոր Հայաստանի պատգամավորի՝ քաղաքական թիվ մեկ կառույցի ներկայացուցչի աշխարհընկալման և դրան համարժեք պատասխանատվության սահմանն ու շրջանակը կամ, այլ կերպ ասած՝ 21-րդ դարի հայկական մտածողության նվազագույն շեմը: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ Հայաստանի համար նոր խորհրդարանի պատասխանատվությունը իր մեջ պետք է ներառի նաև Հայաստանի պատասխանատվություն համաշխարհային կյանքի մասշտաբով, ինչն իր հերթին նշանակում է, որ ընդլայնելով Հայաստանի թիվ մեկ քաղաքական կառույցի ներկայացուցչի անհատական պատասխանատվությունը սեփական պետությունից դուրս մասշտաբով, դրանով իսկ Հայաստանը ընդլայնում է իր խնդիրների հանդեպ համաշխարհային պատասխանատվության հարցը միջազգային մասշտաբով բարձրաձայնելու հնարավորությունը, դրա բարոյա-քաղաքական հիմքը: Առանց այդ լայն, խորքային քաղաքական հաղորդակցության բանաձևի կիրառման Հայաստանն ի զորու չի լինելու համաշխարհային նոր ու բարդ միջավայրում ամբողջապես դիմադրունակ լինել առկա մարտահրավերներին և զսպելով դրանք, առաջ բերել այդ նոր իրավիճակի ընձեռած հնարավորությունները:

Այս տեսանկյունից, Արմեն Սարգսյանի ելույթն ինչ-որ իմաստով հնարավոր է դիտարկել նաև որպես նոր խորհրդարանի քաղաքական ուղեցույց, որպիսին, իհարկե, թե՛ նախագահը, թե՛ նաև վարչապետը, անկասկած, իրենց տարբեր ելույթներում դեռ կտան: Առանցքայինը, անշուշտ, այն է, որ նոր խորհրդարանականները քաղաքական առումով կարողանան հանրությանը մատուցել այդ «ուղեցույցներին» համարժեք բովանդակություն և մտածողություն: Եվ ոչ միայն Հայաստանի, նաև միջազգային հանրությանը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am