Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն ուղղված մեղադրանքը: Մեղադրանքի մասին պաշտոնապես հայտարարել է Հատուկ քննչական ծառայությունը: Սեյրան Օհանյանը մեղադրանքը մերժող հայտարարության մեջ արել է հետաքրքիր արձանագրում. «Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար»:

Մինչ այժմ կարծես թե որեւէ բարձրաստիճան նախկին պաշտոնյա, որ մեղադրվել է Մարտի 1-ի գործի նոր փուլում, չի արել այդպիսի հայտարարություն: Իհարկե, մեղադրվողները խոսել են այն մասին, որ մեղադրանքը ունի քաղաքական նպատակ եւ ուղղորդվում է, սակայն նրանք գրեթե ուղիղ կամ բաց տեքստով մատնացույց են արել նոր իշխանությանը, եւ որեւէ մեկը չի խոսել «ընդհատակյա գործիչների» մասին:

Սեյրան Օհանյանի հայտարարությունն այդ առումով առանձնահատուկ է: Ու՞մ նկատի ունի պաշտպանության նախկին նախարարը, ո՞վ է ըստ իր տպավորության այն «ընդհատակյա գործիչը», որը տիրապետելով մանիպուլյատիվ հնարքների, Մարտի 1-ի հարցն օգտագործում է դավադիր ու հեռահար նպատակների համար:

Այդ կապակցությամբ Սեյրան Օհանյանը երբեւէ կխոսի՞ ավելի բաց, իր տպավորությունը կհայտնի՞ հանրությանն ավելի առարկայորեն, հնարավոր է նաեւ անուններով:

Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Օհանյանը այդ օրերի զարգացումներում ունեցել է յուրօրինակ դերակատարում, համենայն դեպս դատելով փետրվարյան հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարության: Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարեց, որ այն ժամանակ դեռեւս ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը բանակցում են Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի քաղաքական զարգացումներում բանակը չկիրառվի ժողովրդի դեմ:

Հետո իհարկե Ռոբերտ Քոչարյանը միջամտեց եւ հեռացրեց Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին: Ի դեպ, խիստ հատկանշական է այն, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը Գագիկ Մելքոնյանն ու Սեյրան Օհանյանը մեկ թիմով էին՝ ՕՐՕ դաշինքում:

Ի՞նչ բանակցություն էր տեղի ունենում 2008 թվականին Օհանյանի, Մելքոնյանի եւ Գրիգորյանի միջեւ: Ընդ որում, ամիսներ առաջ՝ թավշյա հեղափոխությունից հետո, իր հարցազրույցներից մեկում Գագիկ Մելքոնյանը խոսել էր այն մասին, որ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին են դիմել, որպեսզի կազմակերպվի Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բանակցություն, սակայն չի ստացվել: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Տեր-Պետրոսյանը հակված չէր երկրորդ փուլի եւ հայտարարում էր իր հաղթելու մասին, այլապես նրա երկրորդ փուլի պատրաստ լինելու դեպքում ինքը կմիջամտեր եւ կփորձեր համոզել Սերժ Սարգսյանին, որպեսզի գտնվի այդ փոխզիջումը:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը մտավախություն է ունեցել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կարող են առանց իրեն գտնել որեւէ փոխզիջում, իրեն դուրս թողնելով խաղից:

2008-ի իրադարձությունները անկասկած ունեն բազմաթիվ հարցեր ոչ միայն զուտ Մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության, այլ դրան ուղեկցած քաղաքական զարգացումների մասով, թե ով ինչ դերակատարում է ունեցել, ինչ վարքագիծ:

Եվ արդյոք Սեյրան Օհանյանը, խոսելով «ընդհատակյա գործիչների» մասին, ակնարկում է, որ կարող է վեր հանել իրողություններ, որոնք մինչ այժմ «ընդհատակում» են: Հատկանշական է, որ օրերս էլ Մարտի 1-ի, ու նաեւ այլ՝ փողերի լվացման ու կաշառքի գործով անցնող մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ Արմեն Գեւորգյանն էր հայտարարել, թե պատմելու շատ բան ունի, բայց դեռ ժամանակը չէ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am