«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև նոր ԱԺ-ն արդեն չորրորդ օրն է՝ աշխատում է, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը դեռևս աշխատասենյակ չունեն: Նրանց աշխատասենյակով ապահովելու հարցերն այդպես էլ չեն կարգավորվում։


Ու հիմա այդ պատգամավորները առավոտյան գալիս են, իրենց իրերը թողնում 334 սենյակում, որտեղ հիմնականում լսումներ և խմբակցության նիստեր են անցկացվում, և հետո միայն մտնում նիստերի դահլիճ։ Սակայն ընդմիջումների ժամանակ կրկին նույն աննախանձելի վիճակն է. պատգամավորներից շատերը, նստելու տեղ չունենալով, դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ, իսկ իրար ծանոթ պատգամավորներն էլ շրջում են միասին։

Իսկ պատգամավորները, որոնց բախտ է վիճակվել ունենալ աշխատասենյակ, դեռ վերջնականապես չեն հաստատվել այնտեղ ու զբաղված են կահավորման հարցերով:

Երեկ ամբողջ օրը պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը կրկին սենյակներով տեղավորվելու հարցերով էին զբաղված՝ միջանցքներով իրերն այս ու այն կողմ անելով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: