Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թվականին առաջընթաց են ակնկալում արցախյան կարգավորման գործընթացում: Հատկապես ի՞նչ տեսքով է պատկերացնում Լավրովն այդ առաջընթացը, նա չի մանրամասներ: Փոխարենն ասել է, որ հանգուցալուծում գտնելու Բաքվի պատրաստակամությանը պետք է աջակցել և հույս ունի, որ Երևանն էլ կլինի փոխադարձ:

Եթե Լավրովը առաջընթացը դիտարկում է այն տրամաբանության շրջանակում, որում իր հայտնի պլանն էր, այսինքն՝ հայկական կողմից տարածքային զիջումներ, իսկ Ադրբեջանից գործնականում ոչինչ, ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին սպասում է հիասթափություն: Եթե ակնկալիքն այն է, որ բարձր լեգիտիմությամբ իշխանությունը կգնա այդ քայլին, ինչին համաձայնություն տվել էր Սերժ Սարգսյանը, սակայն գուցե հետո հղում արել իր ոչ լեգիտիմությանը, ապա այստեղ ևս Լավրովին սպասում է թերևս հիասթափություն:

Ի վերջո, պետք է որ անցած տարիների ընթացքում հասկանալի լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, որ Հայաստանում արցախյան խնդրում այս կամ այն տարբերակը ամենևին կախված չէ իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելուց: Հայ ժողովուրդը պատրաստ չէ տարածքներ զիջելուն, իր պաշտոնավարման ավարտին Երևանում հայտարարեց ԱՄՆ հեռացող դեսպան Միլսը՝ ասելով, որ 25 տարի այդ առումով եղել է թյուր տպավորություն: Եվ ավելին, Միլսը հայտարարեց նաև, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը ըստ էության հասկանալի է դարձնում հայ ժողովրդի դիրքորոշումը: Միլսի դիրքորոշումն էլ հասկանալի է դարձնում, որ համանախագահներից Միացյալ Նահանգներն առնվազն հասկացել է, որ արցախյան խնդրում առաջընթացի պատկերացումները, մեղմ ասած, չեն կարող ձևակերպված լինել լավրովյան, կազանյան, կամ մադրիդյան պլաններով ու սկզբունքներով: Դրանք կարող են ձևակերպված լինել «ապրիլյան թեզիսներով» կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի ռազմատենչությունը արգելակելով ու չեզոքացնելով, հստակ և միարժեք բացատրելով, որ անկախ քաղաքական կարգավորման հեռանկարից, դրան ռազմական որևէ այլընտրանք գոյություն ունենալ չի կարող:

Տարբե՞ր է Լավրովի կամ ՌԴ դիրքորոշումը, այսինքն՝ առաջընթաց Լավրովը ակնկալում է ա՞յդ, թե՞ իր հին պլանների ծիրում: Սա է, թերևս, առանցքային հարցը, որովհետև, եթե Բաքուն «հանգուցալուծում» փնտրելու իր պատրաստակամության տակ իրապես պատրաստ է ստորագրել ռազմական որևէ գործողություն բացառելու միջազգային պարտավորություն, ապա դա, իհարկե, արժանի է աջակցության, և Երևանն իհարկե պետք է լինի փոխադարձ:

Բայց եթե խոսքն այլ բանի մասին է, մինչ այժմ եղած կարգավորման տրամաբանության, ապա այստեղ, իհարկե, Բաքվի գործողությունները չեն հետապնդել ու չեն հետապնդելու այլ բան, քան սպառել քաղաքական ճանապարհը ռազմական շանտաժի դիմելու համար: Ըստ այդմ՝ աջակցել Բաքվին, նշանակում է աջակցել պատերազմին: Լավրովը պատրաստվում է պատերազմի՞ աջակցել:

Այդ առումով, դեռևս նախորդ տարի Հայաստանի վարչապետ Փաշինյանն իր հարյուր օրվա պաշտոնավարման առիթով ասուլիսում բավականին հստակ արձանագրեց Ռուսաստանի դերակատարման հարցը՝ եթե Ռուսաստանը չցանկանա, չի լինի պատերազմ: Պատասխանատվության խնդիրը սահմանված է, ըստ այդմ՝ Ռուսաստանի համար պետք է միարժեք լինի, որ Ադրբեջանի որևէ ագրեսիա, որևէ մասշտաբի, Հայաստանի հասարակությունում՝ նաև ապրիլյան փորձից ելնելով, գնահատվելու է իբրև ռուսական ագրեսիա, ռուսական թողտվությամբ եղած ագրեսիա:

Նյութի աղբյուրը՝ 1in.am