Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին միջազգային այցերից մեկը պետք Իրան կատարի:  Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ոչ մի լուրջ այցելություններ եւ քննարկումներ չեն եղել:

«Հայաստանում իշխանության վերջնական ձեւավորումից հետո անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կարեւորում է հայ-իրանական հարաբերությունները: Շատ կարեւոր է ընդունել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերքը եւ Իրանի հետ համագործակցության լայն շրջանակով հարցերի շուրջ բանակցություններ սկսել»,- նշեց փորձագետը:


Հարցին՝ ինչի՞ հետ է կապված Սիրիայից զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ որոշման կապակցությամբ Իրանի պասիվ արձագանքը, Գոհար Իսկանդարյանը պատասխանեց, որ Թեհրանը լուրջ չի ընդունում Վաշինգթոնի խոսքը: «Սրա հետ կապված ուշագրավ են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համացանցում հրապարակված վիրավորական բառերը՝ ուղղված ինչպես ԱՄՆ նախագահին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ նախապատվություն չի տա որեւէ մեկի շահերին՝ քամահրելով սեփական շահերը:

«Մասնավորապես՝ Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Սիրիայից կհեռանա միայն այն դեպքում, երբ կլուծվեն Սիրիայում գոյություն ունեցող խնդիրները»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Նա դա պատճառաբանել էր Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հաղթելու հանգամանքով: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ 2 հազար մարդ թվաքանակով զորքերի դուրսբերումը կտեւի 60-ից մինչեւ 100 օր: