Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաեւ ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից:

ԱԱԾ-ից  հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում եւ վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել եւ ստացել է ավելի քան 300 հազար ՀՀ դրամ կաշառք:


Միեւնույն ժամանակ Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել եւ փոխանցել է 150.000 ՀՀ դրամ կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվում է նախաքննություն: