Նախօրեին Հայաստանի տեղեկատվական տիրույթում ադրբեջանական քարոզչության հերթական «բենիֆիսն» էր: Ադրբեջանի մամուլը տեղեկություն էր տարածել, որ Բաքու կատարած այցի ընթացքում Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, թե Իրանն ադրբեջանական է համարում ղարաբաղյան տարածքներն ու արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջության օգտին:


Այն, որ Իրանն արտահայտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջության օգտին, ամենեւին նորություն չէ: Պաշտոնական Թեհրանն այդ մասին արտահայտվել է տարիներ շարունակ, ինչպես գործնականում տարբեր ուժային կենտրոններ: Եվ դա թե Իրանի, թե ընդհանրապես միջազգային այլ սուբյեկտների պարագայում ունի շատ հասկանալի բացատրություն, պատճառներ: Միաժամանակ, Ադրբեջանի տարածքային ամբողջությունն ամենեւին ինքնաբերաբար չի նշանակում նաեւ Արցախ, պարզապես նույնքան հասկանալի է, որ որեւէ ուժային կենտրոն չի կարող հայտարարել այդ մասին:


Իսկ հայտարարե՞լ է արդյոք Իրանն այն մասին, որ ղարաբաղյան տարածքները համարում է Ադրբեջանի մաս, ինչպես հաղորդել է ադրբեջանական մամուլը: Համենայն դեպս, հայաստանցի մի շարք իրանագետներ պնդում են, որ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի արել այդպիսի հայտարարություն: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել էր, թե ադրբեջանական տեղեկատվությունը արտացոլվել էր Իրանի պետական ԻՌՆԱ գործակալության ռուսալեզու բաժնում, սակայն իրանական եւ այլ լեզուներով բաժիններում չկա որեւէ խոսք այն մասին, որ Իրանի գլխավոր շտաբի պետը ղարաբաղյան տարածքները համարել է ադրբեջանական:

Դա հետաքրքիր հանգամանք է, որ ռուսալեզու բաժնում ադրբեջանական տեղեկությունը առկա է, իսկ այլ լեզուներով՝ ոչ: Դա եղել է խմբագրական «վրիպա՞կ», թե Իրանն այդպիսով որեւէ ակնարկ է արել «ռուսալեզու լսարանի» կամ պարզապես հենց Ռուսաստանին:

Հանգամանքը հետաքրքիր է հատկապես այն պարագայում, երբ նույն օրն էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էր հայտարարում, թե 2019 թվականին ունի կարգավորման առաջընթացի հույս եւ ողջունում է հանգուցալուծում գտնելու Բաքվի պատրաստակամությունը, նույնն ակնկալելով Երեւանից: Եվ ի վերջո, նույն օրն էլ Փարիզում տեղի էր ունենում Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ չորրորդը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Այդպիսով, ստացվում է հունվարի 16-ի ուշագրավ եռանկյունի՝ Լավրովի հայտարարությունները Մոսկվայից, նախարարների հանդիպումը Փարիզում, Իրանի գլխավոր շտաբի պետը՝ Բաքվում:

Իրանի շտաբի պետի հայտարարությունը, դրա ադրբեջանական տեղեկատվա-քարոզչական նենգափոխումն ու Իրանի պետական լրատվական գործակալության ռուսալեզու բաժնում վերարտադրումը յուրօրինակ պատասխան կամ հակակշռում է Լավրովի առաջընթացի հույսերին:

Այստեղ անշուշտ առաջընթացի ակնկալիքը հնարավոր է դիտարկել երկու ասպեկտով՝ իրավիճակի, ստատուս-քվոյի քաղաքական կառավարման իմիտացիոն մեխանիզմի վերարտադրություն, միաժամանակ իհարկե «լավրովյան պլանի» առնվազն մտքում ունենալու հանգամանք՝ «մեկ էլ տեսար» տրամաբանությամբ:

Դա էլ իր հերթին «մտքում ունի» նաեւ Իրանը, հատկապես ապրիլյան պատերազմի օրինակն ունենալով, որն այդ պլանի իրագործման ռազմական տարբերակի փորձն էր: Այդ պլանի առանցքն անշուշտ ստատուս-քվոն Ադրբեջանի օգտին փոխելը չէ, այլ արցախյան գոտում ռուսական ռազմական ներկայություն հաստատելը: Մի բան, որը ռազմավարական վտանգ է դիտարկում Իրանը: Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի պարագայում, այլ ցանկացած երրորդ ուժի: Պարզապես տվյալ դեպքում Թեհրանի համար ակնառու է, որ առնվազն հռետորաբանության եւ դիվանագիտական որոշակի աշխատանքի առումով տեւական ժամանակ աշխույժ ռեժիմում է Մոսկվան:

Իհարկե, 2016-ի ապրիլից հետո այդ ռեժիմի որոշակի տրանսֆորմացիայով, սակայն նույն ապրիլն Իրանի համար առավել զգոն ու աչալուրջ լինելու առիթ է, ներառյալ ռուս-թուրքական պայմանավորվածության համատեքստում: Այդ տեսանկյունից Իրանի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն ու իրանական տեղեկատվական տիրույթում դրա վերարտադրության յուրահատուկ դասավորությունը հատկանշական է մեկ այլ գործընթացի ֆոնին՝ Էրդողանի սպասվող այց Ռուսաստան եւ հնարավոր քննարկումներ Սիրիայի ու ռեգիոնալ այլ հարցերում, ու միաժամանակ նաեւ նախապատրաստում եռակողմ ֆորմատով երկու հանդիպումների, որի մասին խոսել էր Լավրովը՝ ՌԴ-Իրան-Թուրքիա՝ Աստանայի ձեւաչափ, եւ ՌԴ-Իրան-Ադրբեջան:

Թեհրանն այդպիսով աշխույժ մաքոքի այս փուլում հստակ մեսիջ է հղում, որ ռուս-թուրքական հնարավոր նախագծումների «վերադառնալու» պարագայում բացառում է արցախյան գոտում որեւէ այլ ներկայության ընդունում՝ ադրբեջանականից բացի: Այլ կերպ ասած, անկասկած ռազմավարական, էքզիստենցիալ տեսանկյունից գրեթե միարժեք նախընտրելով արցախյան ստատուս-քվոյի հայկական ներկայություն ու վերահսկողություն, Թեհրանն այդուհանդերձ զգուշացնում է, որ առավելագույնը կհանդուրժի դրա «փոխարինում» ադրբեջանականով, ինչը գործնականում՝ քաղաքական տողատակում նշանակում է, որ փոխարինում չի հանդուրժի: Որովհետեւ աշխարհաքաղաքական ուժային որեւէ կենտրոնի օրակարգում չկա հայկական վերահսկողությունը ադրբեջանականով փոխարինելու իրական նպատակ եւ օրակարգ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am