Հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին հայտնաբերել ու Ոստիկանության Արարատի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Ժորա Գ.-ին, ով մեղադրվում էր Հունվարի 5-ին, Ժամը 23։30-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ արձակելու մեջ։

YerevanNews.am լրատվականը, ծանոթանալով գործի հանգամանքերին, փորձեց ճշտել կասկածյալի ինքնությունը: Չկարողանալով կապ հաստատել հարազատների հետ, զրուցեց ընկերների հետ:

Վերոհիշյալ 27-ամյա Ժորա Գ.-ն, նույն ինքը՝ Ժորա (Արմեն) Գասպարյանը հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի «Կառավարում» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող:

2017թ.-ին ավարտել է Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի «Իրավագիտություն» բաժինը` ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան:

Փորձեցինք գտնել ու կապ հաստատել Ժորա (Արմեն) Գասպարյանի ընկերների հետ և ստանալ որևէ տեղեկություն վերջինիս մասին:

Մեզ հետ զրույցում կասկածյալի ընկերները նրան որակեցին որպես ընկերասեր, բարձր պատասխանատվությամբ, մարդկային բարձր բարոյական հատկանիշներով օժտված երիտասարդ, ով վայելում է ինչպես իր կուրսընկերների, այնպես էլ ողջ շրջապատի սերն ու հարգանքը:

-Ժորա (Արմեն) Գասպարյանն աչքի է ընկել իր ընկերասիրությամբ, հարգանքով, դիմացինին օգնելու, փոխզիջումների գնալու, կոնֆլիկտների մեջ չընկնելու, համերաշխություն քարոզելու կարողականություններով, ջանասիրությամբ, - շեշտում է կասկածյալի ընկերներից մեկը:

Կասկածյալի ընկերներից մեկը, խոսելով Ժորա (Արմեն) Գասպարյանի մարդկային հատկանիշների մասին, նշեց, որ վերջինիս ճանաչողները կփաստեն, թե ինչ ջանասիրությամբ է օգնություն ցուցաբերել դեռևս 2015թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ սահմաններն անառիկ պահող զինվորներին՝ վերջիններիս ուղարկելով տարբեր անհրաժեշտ իրեր, սննդամթերք, ինչպես նաև պատրաստակամություն դրսևորել մեկնել և առաջնագծում օգնության հասնել մեր հայ զինվորներին:

Ու դեռ ՀՀ զինված ուժերում ծառայելու տարիներին աչքի է ընկել նաև իր մեծ հայրենասիրությամբ, հայրենիքի հանդեպ իր սիրով, հավատքով՝ հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության ուժի, կամքի ամրության, ՀՀ սահմանների ամբողջականության, ամրապնդման, չզիջման հարցերում:

 

Նշենք նաև(ներկայացված են լուսանկարներ), որ Ժորա (Արմեն) Գասպարյանը սպորտսմեն է, ով  առաջնություններում բազմիցս գրավել է 1-ին և 2-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ՝
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 66-րդ հոդվածով սահմանվում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

YerevanNews.am լրատվականը հետամուտ է լինելու գործի ընթացքին՝ պարզելու դրդապատճառները: