Պաշտպանության նախարարությունը նախօրեին տեղեկություն տարածեց այն մասին, որ նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիի հանդիպումը: Բացի պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերության, առաջիկա անելիքների մասին հարցերից, հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում բավական աղմուկ բարձրացրած հայտարարությանը, որ ըստ ադրբեջանական մամուլի Բաքվում արել էր Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղիրին:

Ըստ ադրբեջանական մամուլի, Բաղիրին հայտարարել է, թե արցախյան տարածքներն ադրբեջանական են: Այդ տեղեկությունը տարածվել էր նաեւ իրանական ԻՌՆԱ պետական գործակալության ռուսալեզու տարբերակում՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով, իսկ որոշ ժամանակ անց հեռացվել նաեւ այնտեղից:

Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի հետ հանդիպմանը Հայաստանում Իրանի ռազմական կցորդը «վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն»:

Իրանի գեներալի հայտարարությունների առնչությամբ ադրբեջանական ավանդական աղավաղումները համընկան Հայաստանում Իրանի կառավարման կարգի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի Իմ քայլը մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներից մեկի անզգույշ հայտարարության հետ, այդպիսով իր հերթին որոշակի «աղավաղումների» տեղիք տալով նաեւ Հայաստանում: Նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ առիթն օգտագործեցին նոր իշխանության դեմ տեղեկատվական գրոհի համար, Իրանի գեներալին վերագրվող հայտարարությունը ներկայացնելով իբրեւ թե պատասխան Հայաստանի պատգամավորի թույլ տրված վրիպումին:

Այն, որ թույլ տրվածը վրիպում էր, բավական անզգույշ եւ անպատեհ միաժամանակ, եւ որ այդօրինակ վրիպումները գործնականում պետք է բացառվեն՝ կասկածից վեր է: Միաժամանակ սակայն անլուրջ մոտեցում կլինի, առաջին հերթին Իրանի հանդեպ, ասելը, թե այդ հայտարարությունից հետո Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի միջոցով հնչել է պատասխան-հայտարարություն:

Անլուրջ նախ այն առումով, որ Իրանը, ունենալով պետականության, պետական քաղաքականության, աշխարհքաղաքականության դարավոր ավանդույթներ, ուրույն ոճ եւ փիլիսոփայություն, անկասկած կարողանում է հստակ տարբերակել իրապես անհանգստանալու միտումները վրիպումներից: Եվ ըստ այդմ, Թեհրանը չափազանց լուրջ աշխարհքաղաքական խաղացող է այդօրինակ վրիպումներին այնպիսի հայտարարություններով պատասխանելու համար, որոնք խորքային առումով կարող են պարունակել հակասություն հենց իրանյան ռազմավարական շահերի նկատմամբ:

Ըստ այդմ, միայն Իրանի մասին անլուրջ կարծիք ունենալու դեպքում է հնարավոր եզրակացնել, թե Հայաստանում հնչած վրիպակին ակնթարթորեն պատասխանել են ԳՇ պետի Բաքվում արած հայտարարությամբ: Առավել եւս, որ ինչպես պարզվեց՝ դա ընդամենը վերագրվել է նրան:

Միեւնույն ժամանակ, այդ վերագրումը փաստորեն ինչ որ իմաստով նաեւ օժանդակություն էր Հայաստանին ու Իրանին, համենայն դեպս իրավիճակը փոխադարձաբար քննարկելու եւ թյուրըմբռնումների ու չհասկացվածության թեկուզ տեսական ռիսկերը չեզոքացնելու համար:

Այդ առումով պաշտոնական Երեւանը գործել է բավական համարժեք եւ օպերատիվ, պաշտպանության նախարարության մակարդակով նախաձեռնելով հանդիպում Իրանի դեսպանության ռազմական կցորդի հետ, որտեղ կողմերն անկասկած կանխել են իրադարձությունների մանիպուլյատիվ զարգացման թե ներքին, թե արտաքին շարունակությունը:

Միաժամանակ, հաղորդագրության մեջ կարեւոր է երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերության բարձր մակարդակի արձանագրումն ու առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերի ազդարարումը, շեշտելով, որ դրանք կլինեն տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ հայտնելու առիթ:

Դրանք խորքային իմաստով թերեւս պետք է լինեն ընդհանրապես հայ-իրանական օրակարգի թարմացման առիթ:

 

Նյութի աղբյուրը՝ Lragir.am