Հունվարի 19-ին զոհ գնացած հայերը:

 Մովսես Գորգիսյան: Նա ընկավ 1990թ. հունվարի 19-ին 28 տարեկանում:Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ Մովսես Գորգիսյանի մահը սգում էին անգամ ադրբեջանցիները, նրա այրին ասում էր «Ես ցավակցական հեռագրեր էի ստանում նույնիսկ Ադրբեջանից. ինձ սփոփանքի խոսքեր էին գրում այն ադրբեջանցիները, որոնց համար ազատությունն ու անկախությունը արժեքներ են»

 Հրանտ Դինք: Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

 Արմեն Հովհաննիսյան: 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 Սերյոժա Ավետիսյան: Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Սակայն հունվարի 19-ին ժամը 17:00-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց։«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ, երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել է սրտի կանգ, իրենք անընդհատ փորձել են վերակենդանացնել, բայց մի քանի փորձից հետո երեխան մահացել է։