1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 50-ամյա մայրն ու 20-ամյա որդին մեղադրվում էին ծանր հանցագործությունների համար: Որդին՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ մայրը միայն ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ մայր ու որդի մշտական բնակության վայր չեն ունեցել, դեպքից առաջ մոտ մեկ ամիս բնակվել են Սարի Թաղում:

Սրբուհին տարբեր բնակարաններում մաքրության աշխատանքներ է կատարել:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունվարի 7-ին Սրբուհին գտնվել է Զեյթունի «Երևան Սիթիի» մոտ, ցանկացել է գնալ Նորքի 5-րդ զանգված: Մոտեցել է տաքսիներից մեկին ու վարորդին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալու դիմաց իրեն տեղափոխել իր ցանկացած վայրը:

Տաքսու վարորդը մերժել է այդ առաջարկը, բայց ասել է, թե ծանոթ ունի, ով կցանկանա գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ որևէ կնոջ հետ: Սրբուհին համաձայնել է այցելել վարորդի ծանոթին:

Վարորդը նրան տարել է Ավան՝ 82-ամյա Բարկիֆ Յ.-ի բնակարան: Սրբուհին ծանոթացել է տարեց տղամարդու հետ, սեռական բնույթի հարաբերություն է ունեցել հետը և որպես վարձատրություն ստացել է 10 հազար դրամ:

Այս դեպքից հետո Սրբուհին պարբերաբար այցելել է տարեց տղամարդուն, բավարարել է նրա որոշ պահանջմունքները, դրա դիմաց գումարներ է ստացել:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի փետրվարին Սրբուհին Բարկիֆի բնակարան է տարել նաև որդուն՝ Արշակին: Հերթական անգամ մայր ու որդի տարեց տղամարդու տուն են գնացել փետրվարի 16-ին: Երբ դուրս են եկել, Սրբուհին առաջարկել է Բարկիֆի տանից գողություն անել՝ հայտնելով, թե հյուրասենյակի պահարանում ծրարի մեջ գումար է տեսել, այդ ծրարից է Բարկիֆն իրեն գումարներ վճարում:

Հաջորդ այցելությանը մայր ու որդի գնացել են 2016 թվականի փետրվարի 18-ին: Նրանք սպասել են Բարկիֆի շենքի մոտ, ապա՝ հարակից գերեզմանատանը, բայց համոզվելով, որ Բարկիֆը տանը մենակ չէ, հեռացել են՝ մտադրվելով գողության նպատակով այցը կատարել հաջորդ օրը:

Փետրվարի 19-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում նրանք արդեն Բարկիֆի բնակարանի մոտ էին: Տեղում կատարել են դերաբաշխում, որոշել են նաև, որ տանտիրոջ կողմից իրենց գործողությունները նկատելու դեպքում անցնելու են ավազակային հարձակման:

Արդեն փետրվարի 20-ի կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմաններում Սրբուհին զանգել է Բարկիֆին, ապա վերջինիս հրավերով մայր ու որդի մտել են նրա բնակարան:

Հյուրասենյակում ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո Արշակը գնացել է խոհանոց ընթրելու:

Ըստ դատական ակտի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է հյուրասենյակ, որտեղ մայրն ասել է, թե փողով ծրարի գտնվելու տեղի՝ պահարանի բանալին Բարկիֆի տաբատի գրպանում է: Քիչ անց Բարկիֆը քնաշորերով մտել է հյուրասենյակ, ապա Սրբուհու հետ գնացել է խոհանոց, իսկ Արշակը այդ ընթացքում Բարկիֆի տաբատի գրպանում գտել է պահարանի բանալին, բացել է պահարանը, սակայն այնտեղ գումար չի գտել: Փակել է պահարանը, գնացել է խոհանոց ու այդ մասին հայտնել է մորը:

Բարկիֆը հասկացել է, թե ինչ են խոսում մայր ու որդի և գնացել է հյուրասենյակ, որ ստուգի իրավիճակը:

Մայր ու որդի, ըստ դատական ակտի, հասկանալով, որ տանտերը գլխի է ընկել՝ իրենց այցելության իրական նպատակը որն է, անցել են ավազակային հարձակմամբ գույքի հափշտակությունը ավարտին հասցնելուն:

Արշակը թիկունքից մոտեցել է Բարկիֆին, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ծոծրակին, բայց Բարկիֆը շրջվել ու փորձել է դիմադրել՝ նա ճանկռել է Արշակի կզակը:

Դրանից հետո Արշակը տարեց տղամարդու պարանոցից բռնած՝ նրան տարել է զուգարան, նստեցրել է զուգարանակոնքին: Բարկիֆը ձևացրել է, թե ուշագնաց է, և փորձել է զուգարանում եղած ապակե բաժակով հարվածել Արշակին, սակայն երիտասարդը տարեց մարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով երեք ուժեղ հարված է հասցրել նրա գլխին, մեկ անգամ էլ գլխով է հարվածել տուժողի գլխին:

Այդ ընթացքում, ըստ դատական ակտի, Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր՝ 6 հազար դրամ արժողությամբ «Նոկիա» բջջային հեռախոս, 15 հազար դրամ արժողության սպորտային բաճկոն, 10 հազար դրամ արժողության գիշերազգեստ, ու 1 զույգ գուլպա:

Արշակը տարեց տղամարդուն, որը ծանր վնասվածքներ էր ստացել, անօգնական թողել է զուգարանում, անջատել է լույսը, փակել է դուռը, մտել է հյուրասենյակ, ինքն էլ իր հերթին հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը, ուշ երեկոյան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է գլխուղեղի այտուցից, փակ բութ գանգուղեղային վնասվածքից, գլխուղեղի թաղանթների արյունազեղումներից:

Նրան հայտնաբերել է որդին՝ Հարությունը, ով դեպքի օրվա առավոտյան գնացել է հոր տուն՝ հորը բարի լույս ասելու:

Հայրը սովորականի պես սենյակում չէր: Հարությունին կասկածելի բաներ են երևացել՝ սենյակի լույսը վառվում էր. «Հայրս էկոնոմիկ մարդ էր, լույսը վառ չէր թողնի… Հետո տեսա՝ բոթասները կան, ասի՝ ուրեմն տանն է, զուգարանը նայեմ… Տեսա տեսարանը, գոռացի… Սկզբում կարծեցի՝ հայրս անհանգիստ եղած է, ապարատը բերեցի, ճնշումը չափեցի…»:

Հարևանի հետ շտապօգնություն են կանչել: Հարությունը ցանկացել է հոր բժշկական թղթերը հանել պահարանից, որ բժիշկներն իմանան՝ ինչ հիվանդություններ ունի: Բայց պահարանին մոտենալով՝ նա հասկացել է, որ վատ բան է կատարվել:


«Հիմար պահարան մըն էր… Հայրս հոն իր փաստաթղթերն էր պահում, դռան վրա կողպեք դրած էր… Մարդիկ կարող էին կարծել, թե պահարանի մեջ փող կա, բայց փող չկար, միայն թղթեր էին…

Ես տեսա, որ պահարանի դռները բաց են, կողպեքը չկա… Հայրիկի ջինսն ընկած էր գետնին, բայց ինքը մաքրասեր մարդ էր, ինքն իր ջինսը երբեք հատակին չէր գցի… Ինչ-որ մեկը ջինսը թափ էր տվել, գետնին մանր դրամ էր թափված, անձեռոցիկ… Հայրս նման բան չէր անի, շատ մաքրասեր էր…

Անմիջապես մտածեցի՝ ո՞ւր է պապայի մոբայլը: Ինքը մոբայլով զանգել չէր կարողանում, դրա պատճառով քաղաքային հեռախոս էի քաշել: Տեսա՝ հեռախոսի լարը պոկված, ընկած է կրավաթի վրա, ասի՝ սխալ բան կա…

Զուգարանում կոտրված բաժակ կար, հայրս բաժակ չէր տանի զուգարան, կամ՝ ինչո՞ւ էր նստել զուգարանի կափարիչի վրա, կափարիչն էլ նրա ծանրությունից ջարդվել էր… Ես գնացի հայրիկիս մոբայլի զանգերի ցուցակը հանեցի՝ համարը իմ անունով էր: Անծանոթ համար տեսա՝ զանգել էին հայրիկին: Ես չգիտեի՝ ով է:

Հայրս ծանոթ բիձեք ուներ, բայց որևէ կնոջ մասին բան չգիտեի, հայրս չի ասել… Զանգերի ցուցակը տվեցի քննիչներին… Շուտ բացահայտեցին… Ես չորս ամիս չէի կարողանում այդ բնակարանը մտնել… »:

Դատարանում գործով մեղադրողը փոփոխել է Արշակ Ժ.-ին առաջադրված մեղադրանքը՝ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետն իր մեջ փաստացի ներառում է ավազակությունը՝ ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանություն, թողել է միայն այդ հոդվածով մեղադրանքը՝ հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հավելյալ մեղադրանքը:

Դատարանում Արշակ Ժ.-ն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները:

Արշակը հայտնել է, թե դեպքից հետո՝ հաջորդ օրը, մոր հետ գնացել են «Վերնիսաժ», ինքը մի անծանոթի հետ հեռախոսների փոխանակում է կատարել՝ տվել է տուժողի «Նոկիան», վերցրել է անծանոթի հեռախոսը:

Դատարանում Արշակը պնդել է, թե տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, ուղղակի հարվածներն ուժեղ են ստացվել: Նա զղջացել ու խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Սրբուհի Ժ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց:

Դատարանը Արշակ Ժ.-ին մեղավոր է ճանաչել ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 21-ից:

Սրբուհի Ժ.-ն մեղավոր է ճանաչվել նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը, վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 29-ից:

Ամբաստանյալներից կբռնագանձվի 140 հազար 148 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: Տուժողի կողմից քաղհայցի պահանջ չներկայացնելու պայմաններում քաղհայցի հարցը համարվել է լուծված:

Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Արշակ Ժ.-ն, մեղադրող դատախազը, Սրբուհի Ժ.-ի շահերի պաշտպանը:

Արշակ Ժ.-ն խնդրել է բեկանել դատավճիռը, իր նկատմամբ կայացնել «արդարացի որոշում»:

Դատախազը խնդրել է Արշակ Ժ.-ի պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, սահմանել կատարած «հանցանքին համահունչ արդարացի պատիժ»:

Սրբուհի Ժ.-ի շահերի պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալի պատժի մասով դատավճիռը փոփոխել՝ մեղմացման առումով՝ նշանակել «նվազագույն շեմին համապատասխանող պատիժ» կամ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: