Հայաստանի հանրության շրջանում աղմուկի պատճառ է դարձել Հինգերորդ ալիք հեռուստաընկերության եթերում ցուցադրված ֆիլմը՝ «Գործ համար մարտի 1» վերնագրով: Ֆիլմը մարտի 1-ի իրադարձությունների մասին է: Նկարահանվել է ամռանը, իսկ սցենարիստն է ռուսաստանահայ հեռուստալրագրող, ներկայում ռուսական հեռուստաալիքներից մեկով քաղաքական թոք-շոուի հաղորդավար Ռոման Բաբայանը: Հանգամանքը, որ խոսքը ռուսական հեռուստաալիքով քաղաքական թոք-շոուի մասին է, թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպիսին է բովանդակությունն ու ուղղվածությունը:

Եվ ահա, Ռոման Բաբայանը ամռանը որոշում է ֆիլմ նկարահանել Մարտի 1-ի մասին, ինչպես ինքն է ասում: Ֆիլմը ցուցադրվեց օրերս, արդեն նշված հեռուստաընկերությամբ, որն ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին:

Ռոման Բաբայանի պատրաստված ֆիլմը հանրության շրջանում աղմուկի պատճառ է դարձել այն պատճառով, որ Մարտի 1-ի իրադարձությունները պատկերել է ոչ ամբողջությամբ, հաճախ նենգափոխված, համատեքստից կտրված, ֆիլում՝ ըստ նկարահանման մասնակիցների, տեղ չեն գտել այն հատվածները, որոնք հաճո չէին կարող լինել այդ օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հանրությունը համացանցում ստորագրահավաք է սկսել, պահանջելով, որպեսզի Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրի այսպես ասած «կոնտր-ֆիլմ», որն իհարկե ստեղծվել է վաղուց, տարիներ առաջ, եւ որի հեղինակը Տիգրան Պասկեւիչյանն է՝ «Հայաստանի կորսված գարունը»: Ընդ որում, Պասկեւիչյանն էլ Հինգերորդ ալիքից պահանջել է հեռացնել ֆիլմը Յութուբի իր ալիքից, քանի որ հեղինակները «գողացել» են իրենց հեղինակային կադրեր: Նա գրել է, որ հեղինակների հետ այդ հանգամանքը կպարզեն դատարանում, իսկ հեռուստաալիքից պահանջել է անաղմուկ հեռացնել ու չդառնալ հանցակից:

Սցենարիստ Ռոման Բաբայանը հայտարարել է, որ իր ֆիմում նկարահանվելուց հրաժարվել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ասել է, թե չի ուզում Քոչարյանի հետ լինել նույն ֆիլմում, Գարեգին Երկրորդը, չի նշվում, թե ինչ պատճառով, ու Նիկոլ Փաշինյանը՝ որի աշխատակազմը հղում է արել զբաղվածությանը:

Հետաքրքիր է, որ Ռոման Բաբայանը չի խոսում Սերժ Սարգսյանի մասին: Նա չի հայտնել՝ դիմե՞լ են տասը տարի անց Մարտի 1-ի մասին իրենց ֆիլմում նկարահանվելու համար, հարցազրույցի համար Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Համենայն դեպս, քանի որ այդ մասին խոսք չկա՝ որ Սարգսյանը հրաժարվել է, պետք է ենթադրել՝ նրան չեն դիմել հարցազրույցի համար:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ պաշտոնական արդյունքով ընտրված նախագահ էր, գործող վարչապետ, խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար: Ըստ այդմ, տրամաբանական պետք է լիներ, որ ստեղծագործական խումբը հարցազրույցի համար դիմեր նաեւ Սերժ Սարգսյանին:

Ինչու՞ են հրաժարվել նրանից, նրա խոսքը լսելուց:

Իհարկե, դա միակ հետաքրքիր հանգամանքը չէ, որ հարց է առաջացնում է: Թեեւ չկա որեւէ փաստ, որ ֆիլմի գաղափարը ծագել է ոչ թե Բաբայանի, այլ գուցե Ռոբերտ Քոչարյանի մոտ, որը դատելով ֆիլմի բովանդակությունից, դրա առանցքային շահառուն է, այդուհանդերձ հետաքրքիր է, որ ֆիլմը սկսել է նկարահանվել 2018-ի ամռանը՝ երբ գործի քննությունը ստացել է նոր ընթացք, եւ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:

Այստեղ էլ մյուս հետաքրքիր հարցը կարող է լինել, եթե իհարկե դիտարկենք հնարավոր պատվերի վարկածը՝ ինչու՞ է ֆիլմը պատվիրվել ռուսաստանցի հեռուստալրագրողին ու պատրաստվել ռուսերեն բնօրինակով:

Արդյոք դրա գլխավոր հասցեատերն իրականում ոչ թե Հայաստանի հանրությունն էր, այլ ֆիլմը հիմնականում նախատեսված է ռուսական ինչ որ սահմանափակ լսարանի համար:

Թե՞ իրողությունը բոլորովին այլ է, եւ ռուսաստանցի հայ հեռուստալրագրողի պատրաստած ֆիլմով Հայաստանում փորձ է արվում հանրային մակարդակում առաջացնել որոշակի իրարանցում ու աղմուկ Մարտի 1-ի թեմայով, խթանելով հակադիր հանրային շարժումներ եւ պահանջներ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am