ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն է մաղթել:

«Տիկնայք և պարոնայք, ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաև նախկին քրեական վարչակարգին: Եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղբանտարկյալներին և որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով: Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քաղաքական բանտարկյալներին վերաբերող որոշումները, և այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին, ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի, մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է, այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից, երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում, և, ամենակարևորը, մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում: Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետևում մեր ադրբեջանցի գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին, և հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից, թե ինչպես է ժողովրդավարությունը լինում: Ուստի խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն ու որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,- իր զեկույցում ասել է Է. Մարուքյանը: