ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իր ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը։


Մասնավորապես, նախատեսվում է շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկում երթեւեկության առավելությունը տալ խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:

Նախագծով կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչեւ հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը:


Կարգավորման շրջանակում է գտնվում մինչեւ 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման կարգը:

Այսօր գործող կարգավորումներով մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, փաստորեն 1 տարեկան եւ 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Այժմ առաջարկվում է մինչեւ 7 եւ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, սահմանվել առանձին պահանջներ:

Մասնավորապես, նշվում է. «Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

Իսկ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղում՝ միայն երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»: