Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, զբաղեցնելով տարածքային կառվարման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իր պարտքն է համարում ապրել գյուղացիների հետ՝ հասկանալու, թե տարածքային կառավարումը, համաչափ զարգացումը կոնկրետ ինչ գործիքների միջոցով հնարավոր կլինի իրականացնել: Պատգամավորը պատրաստվում է համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկումներ կազմակերպել համայնքներում, գալ բոլորի համար ընդունելի տարբերակի և դրան տալ օրենսդրական նախաձեռնության տեսք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց օրենսդիրում իր առաջիկա անելիքների մասին:

«Բնակվում եմ Գեղարքունիքի մարզում, անընդհատ շփվում եմ մարդկանց հետ, ովքեր կոնկրետ խնդիրներ են առաջադրում: Եվ այդ խնդիրների մի մասը լուծվելու է Ազգային ժողովում: Եթե մարդն ասում է, որ զբաղվում է Հայաստանի տարածքային կառավարմամբ ու զարգացմամբ, պետք է իր օրինակով ցույց տա, որ գյուղում ապրելը բերկրանք է: Մարդ պետք է ապրի գյուղում, գյուղացիների հետ, որպեսզի հասկանա, թե ինչ խնդիրներ կան և տարածքային կառավարումը, համաչափ զարգացումը կոնկրետ ինչ գործիքների միջոցով է հնարավոր իրականացնել: Թյուր պատկերացում կա, և մարդիկ էլ հաճախ ասում են՝ մենք կխոսենք ձեր խնդիրների մասին, ընտրեք մեզ: Հարցը խնդրի մասին խոսելը չէ, այլ դրա լուծումները գտնելը: Դրա համար մենք պետք է պատկերացնենք խնդիրները: Վստահ եմ, որ Ազգային ժողովի գործընկերների հետ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անընդհատ քննարկումների արդյունքում կստանանք այն որոշումները, որոնք չեն մերժվի ժողովրդի կողմից, այլ կբխեն նրանց շահերից»,-ասաց Կարապետյանը:

Պատգամավորն աշխատելու է մի քանի հիմնական ոլորտների ուղղությամբ: Նոր նախաձեռնությունը կլինի համայնքների միավորման նոր գործընթացների հետ կապված: «Հստակ գիտենք, որ բոլոր հատվածներում մարդիկ հիմնականում դժգոհ են խոշորացման գործընթացից։ Կան վայրեր, որտեղ համայնքների միավորումն իսկապես արվել է մարդկանց կամքին հակառակ, բացարձակ անտրամաբանական սխեմաներով: Մենք պետք է հասկանանք գործընթացի նպատակը, հրավիրենք հարյուրավոր լսումներ և քննարկումներ անենք համայնքներում: Պիտի գանք իրավացի և մարդկանց կողմից ընդունելի որոշման և այն օրենք դարձնենք»,-նշեց նա ու հավելեց` անձամբ է զբաղվելու այդ հարցով:

Պատգամավորը մտածում է նաև մեկ այլ խնդրի մասին, որը վերաբերում է մարզպետարանների կողմից կրթության, առողջապահական հիմնարկների կառավարմանը, սոցիալական ապահովության համակարգին, մասնավորապես ընտանեկան նպաստների համակարգին: Կարապետյանի կարծիքով` ընտանեկան նպաստների համակարգը Հայաստանում ծուլությունը խրախուսող համակարգ է ներկայում: «Մենք պետք է պետական, համայնքային հոգածության տակ պահենք բոլոր այն ընտանիքներին, որտեղ սոցիալական լուրջ խնդիրներ կան: Բայց այսօր գործող համակարգը պետք է վերացվի և ստեղծվի նոր համակարգ, որը հենվի ՏԻՄ-ի կարողությունների վրա: Կառավարությունը կարող է լրացուցիչ ֆինանսավորել ՏԻՄ-ին, որպեսզի համայնքն ինքը հոգա անապահով ընտանիքների խնդիրները»,-ասաց Կարապետյանը:

Նա նաև կարևորեց, որ մարզերում լինի նույնպիսի կրթություն ու առողջապահություն, ինչպիսին ներկայում կա Երևանում: Փոփոխությունների մյուս մեծ բլոկը, որի շուրջ պատգամավորը պատրաստվում է աշխատել, գյուղատնտեսությունն է: Գյուղացին ակնկալիք ունի:

«Արարատյան դաշտավայրում հզոր գյուղատնտեսություն կա, այգիներ, ջերմոցային տնտեսություններ: Սակայն բարձր լեռնային համայնքներում հազարավոր հեկտարներ ուղղակի չեն մշակվում, հողերը դեգրադացվում են, անասնագլխաքանակը կրճատվում է, կովերի կաթնատվությունը ցածր է: Գյուղատնտեսության աջակցությունը հովիտներից պետք է բարձրանա լեռներ: Եվ մենք պետք է կարողանանք հատկապես բարձր լեռնային համայնքներում էական աջակցության գործիքներ տրամադրել մարդկանց»,-նշեց Կարապետյանը:

Պատգամավորն աշխատելու է նաև բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: «Դեմ եմ մետաղական բաց հանքերի շահագործմանը, ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում նման հանքեր չշահագործվեն: Բնությունը Հայաստանում պետք է օրենքով պաշտպանված լինի»,-նկատեց Կարապետյանը:

Բարձրացրած բոլոր խնդիրներին լուծում տալու համար Կարապետյանը պատրաստվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում հրապարակային ներկայացնել իր աշխատանքային, նաև իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքային պլանը: Հանձնաժողովը կհայտարարի, թե որ օրենքների շուրջ է աշխատելու բացի կառավարության կողմից ներկայացրած նախաձեռնություններից:

Վարազդատ Կարապետյանը աշխատանքային փորձ ունի նաև գործադիրում: 2017-2018 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար: Նա նշում է`օրենսդիրում աշխատանքի տարբերությունն այն է, որ հիմա աշխատելու են 132 հոգանոց մեծ թիմով՝ անկախ կուսակցական պատկանելությունից: