«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը:

Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության»:

Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում