Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Հայաստանում բնականորեն առաջացրել է լայն արձագանքներ: Հանդիպումը, որ տեւել է 1,5 ժամ, նախապես ազդարարված չէր, ըստ այդմ հետաքրքիր է՝ նախապես պլանավորված էր, թե ոչ: Եթե այո, ապա ինչու չէր ազդարարվել, իսկ եթե ոչ՝ ապա Դավոսում ով եւ ինչպես է հանդիպում նախաձեռնել, եթե Մինսկի խմբի համանախագահները, որոնք սովորաբար կազմակերպում են այդ ամենը, կարծես թե Դավոսում չեն:

Ընդհանրապես, Դավոսն այդ իմաստով ուշագրավ հանդիպման վայր է, այն տեսանկյունից, որ տնտեսա-քաղաքական այդ հեղինակավոր համաժողովն ի վերջո որոշակի ոչֆորմալության միջավայր է, ի տարբերություն ասենք տարբեր ֆորմալ միջազգային հավաքների՝ տարաբնույթ Վեհաժողովների, կամ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի եւ այլն: Սովորաբար հենց այդ ֆորմատների «դաշտերում» են ծրագրվում այդօրինակ հանդիպումներ, իսկ Դավոսը տնտեսա-քաղաքական համաշխարհային էլիտայի ամենամյա հավաքի եւ խորքային առումով ոչ ֆորմալ միջավայրային շփումների ֆորմատ է, եւ այստեղ հակամարտության կողմերի հանդիպման փաստը իսկապես հետաքրքրաշարժ է ինքնին:

Մեկ շաբաթ առաջ Փարիզում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կազմակերպվել էր Մինսկի խմբի համանախագահ եռյակի ջանքով: Հանդիպումը 4 ժամ է տեւել, որից հետո չկար խոսակցություն, թե մեկ շաբաթ անց Դավոսում կարող է դիտարկվել նախագահների հանդիպման հնարավորություն:

Այդ հարցը պահվել է գաղտնի՞: Ինչու՞, որպեսզի Դավոսի հանդիպման մտադրությունը չտապալվի՞: Թե՞ հենց Դավոսում ինչ որ մեկն աշխատել է հանդիպման կազմակերպման ուղղությամբ եւ հասել արագ հաջողության: Ո՞վ է այդ ինչ որ մեկը, կամ ովքե՞ր, որոնք կարողացել են հընթացս կազմակերպել Փաշինյան-Ալիեւ զրույց:

Եվ վերջապես, հնարավո՞ր է մտածել, որ հանդիպումը «ինքնակազմակերպվել» է, այսինքն Փաշինյանն ու Ալիեւն են «անակնկալ» մատուցել համանախագահներին, հանդիպելով եւ 1,5 ժամ զրուցելով Փարիզում:

Այս հարցերը պետք է դիտարկել ոչ իբրեւ զուտ կազմակերպական բնույթի: Բանն այն է, որ մեկուկես ժամ տեւած զրույցի բովանդակությունն այդ իմաստով կարող է զգալիորեն կախված լինել նաեւ հենց այն հանգամանքից, թե ով՝ ովքեր, եւ ինչպես են կազմակերպել հանդիպումը:

Որովհետեւ չի բացառվում, որ հանդիպումը լինի ասենք Մինսկի խմբի մի որեւէ համանախագահ երկրի անակնկալը մյուսին կամ մյուսներին:

Հաջորդիվ արդեն անմիջականորեն բովանդակությանն առնչվող հանրային հարցադրումներն են: Մի քանի տարբեր ուղղություններից հնչում են միանման հարցադրումներ՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հաճախակի շփվում Ալիեւի հետ, ի՞նչ է շահում հայկական կողմը դրանից:

Այդ հարցադրումներն արվում են կասկածի նկատելի տողատակով, որ, ուրեմն ինչ որ բան հունցվում է: Այդ կասկածները Հայաստանում նոր չեն եւ ուղեկցել են բոլոր նախագահներին, եւ նոր չեն նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում:

Դրանց հիմք է դիտարկվում նաեւ այն, որ լավատեսական հայտարարություններ են անում ոչ միայն Մոսկվան, այլ նաեւ Բաքուն:

Այդօրինակ լավատեսական հայտարարություններն էլ ամենեւին նոր չեն եւ եղել են կարգավորման գործընթացի տարբեր հանգրվաններում: Ըստ այդմ, դրանք հի՞մք են կասկածների համար:

Այստեղ թերեւս անհրաժեշտ է տարբեր վարկածներ դիտարկելուց առաջ արձանագրել առանցքային մի բան: Արցախի հարցի կարգավորման գործընթացի երկու տասնամյակը հուշել է, եւ դա ըստ էության նաեւ այսպես ասած բանակցային կանոն է ընդհանրապես, որ բարդ եւ դժվարին հարցերի առնչությամբ բանակցային գործընթացում «լավատեսական» հայտարարություններն իրականում կատարում են իրական որեւէ պայմանավորվածություն արգելակելու գործառույթ: Ըստ այդմ, եթե կա իսկապես ինչ որ գաղտնի պայմանավորվածության վտանգ, ապա գործընթացի մասնակիցները թերեւս բավական փորձառու են այդ իրական հնարավորության կուսականությունն ու լիարժեք հասունացումը ավելորդ լավատեսությամբ հանրային մեծ ուշադրության առարկա չդարձնելու եւ չվտանգելու համար:

Եթե պայմանավորվածությունը հենց դա չէ՝ որ պետք է անել լավատեսական հայտարարություններ եւ ստեղծել քաղաքական գործընթացի այսպես ասած իմիտացիա:

Ի վերջո, իմիտացիան եւս լուծում է կարեւոր խնդիրներ՝ ստատուս-քվոյի քաղաքական կառավարման հարցում, եւ դա ներկայում պետք է թերեւս բոլոր կողմերին, այդ թվում միջնորդ:

Այլ է հարցը, թե կողմերից յուրաքանչյուրը ինչպես կօգտագործի այդ ժամանակահատվածը, որպեսզի իմիտացիայի ռեսուրսի սպառման դեպքում պատրաստ լինի հակառակ կողմին իր դիմադրության ռեսուրսով զսպելուն:

Այդ համատեքստում ավելի հասկանալի է դառնում, որ հաճախակի շփումները՝ հատկապես երբ դրանք բանակցություն էլ չեն, հայկական կողմի համար չեն պարունակում «դավադիր վտանգներ», այլ տալիս են ժամանակ՝ ավելի ռազմավարական վտանգներին առավել դինամիկ եւ արդյունավետ պատրաստվելու համար:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am